Մոսկվան դեռևս Վաշինգտոնից պատասխան չի ստացել

Մոսկվան դեռևս Վաշինգտոնից պատասխան չի ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է մեկ տարով երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի գործողությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

«Մենք պատասխան չենք ստացել: Մենք սպասում ենք Պուտինի նախաձեռնության պատասխանին և սա համարում ենք շատ կարևոր հարց», - ասել է Կրեմլի խոսնակը։

2025 թ. սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է պահպանել պայմանագրով սահմանված սահմանափակումները ևս մեկ տարով, եթե նման քայլ կատարի նաև ԱՄՆ-ն: Պայմանագրի գործողության ժամկետը լրանում է փետրվարին:

Հոկտեմբերի 5-ին ՏԱՍՍ-ի հարցին պատասխանելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի ղեկավարի առաջարկն անվանել էր «լավ գաղափար»: Սակայն Վաշինգտոնից պաշտոնական արձագանք Մոսկվայի առաջարկին դեռևս չի եղել։