
Մոսկվան ցավում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ չի մասնակցելու Մինսկում կայանալիք ԵԱՏՄ նիստին, ուրբաթ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, ցավալի է։ Բայց Հայաստանը ներկա կլինի տեսակոնֆերանսի միջոցով: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, կարևոր անդամ», - ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Պեսկովը։
Նախօրեին հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մինսկ և հեռակա կարգով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստին։
ԵԱՏՄ անդամ պետությունների (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան) մյուս ղեկավարները, բացառությամբ ՀՀ վարչապետի, հաստատել են իրենց անձնական ներկայությունը միջոցառմանը։
«Նիկոլ Փաշինյանը ֆորումին կմասնակցի հեռակա կարգով՝ տեսակապի միջոցով», - ասել էր Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը։
Եվրասիական տնտեսական ֆորումը տեղի կունենա Մինսկում հունիսի 26-27-ը։ Այն համընկնում է Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի հետ։
Անցյալ տարվա վերջին Փաշինյանն ասել էր, որ ՀՀ պատվիրակությունները չեն մասնակցի Բելառուսում կայանալիք ԵԱՏՄ նիստերին կամ կմասնակցեն հեռակա կարգով։ Հայտարարությունն արվել էր Մինսկի և Երևանի միջև հարաբերությունների սրման ֆոնին։