
Մոսկվայից Փհենյան առաջին ուղիղ ավիաչվերթը վայրէջք է կատարել Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում տեղական ժամանակով 09:30-ին։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Թռիչքի տևողությունը կազմել է շուրջ ութ ժամ։
Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքից դեպի Ռուսաստանի մայրաքաղաք հետադարձ չվերթը նախատեսված է հուլիսի 29-ին։
Հուլիսի սկզբին «Ռոսավիացիա»-ն Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերությանը իրավունք է տվել թռիչքներ կատարել դեպի ԿԺԴՀ։ Ընկերությունը հուլիսի 18-ին սկսել է Մոսկվայից դեպի Փհենյան տոմսեր վաճառել, որոնց արժեքը սկսվում է 44,7 հազար ռուբլուց։
Ինչպես հայտնել է ՌԴ բնական պաշարների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կոզլովը, որը գլխավորում է ռուսական կողմից ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, չվերթները կիրականացվեն ամիսը մեկ անգամ։ Կոզլովն այս չվերթի մեկնարկը որակել է պատմական իրադարձություն՝ ընդգծելով երկու մայրաքաղաքները միացնելու կարևորությունը:
Կորեական կողմից միջկառավարական հանձնաժողովը գլխավորող ԿԺԴՀ-ի արտաքին տնտեսական գործերի նախարար Յուն Չժոն Հոն ավիաչվերթի ժամանման պատվին կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ ասել է, որ այս ավիաչվերթի գործարկումը բարենպաստ պայման կլինի երկկողմ տնտեսական համագործակցության ինտենսիվ զարգացման համար։