
Մոնղոլիայի Պետական Մեծ Խուրալի (խորհրդարանի) պատգամավորների մեծամասնությունը քվեարկել է վարչապետ Գոմբոջավ Զանդանշատարին պաշտոնից ազատելու առաջարկի օգտին: Այս մասին հայտնել է Մոնղոլիայի Montsame լրատվական գործակալությունը։
Առաջարկը քննարկվել և հաստատվել է խորհրդարանի լիագումար նիստում։
Վարչապետ Գոմբոջավ Զանդանշատարին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է ներկա 111 պատգամավորներից 71-ը։
Reuters-ը նշում է, որ 55-ամյա Զանդանշատարն այդ պաշտոնը զբաղեցնում էր ընդամենը չորս ամիս։ Նրան նախորդող վարչապետը ևս հեռացել էր պաշտոնից խորհրդարանի աջակցությունը կորցնելուց հետո։
Մոնղոլիայի նախագահը պետք է նոր վարչապետ նշանակի. այս ընթացքում վարչապետի պարտականությունները կշարունակի կատարել Զանդանշատարը։
Վերջին տարիներին Մոնղոլիայում հանրային դժգոհություններ կան կոռուպցիայի և ներքին քաղաքականության հետ կապված որոշումների պատճառով։