Մոդուլային ատոմակայանն ունի մի շարք առավելութ...

Աշխարհի առնվազն 15 պետություններում այս պահին 51 մոդուլային ատոմակայան պետք է կառուցվի, որոնք նախագծման և սերտիֆիկացման փուլում են, ճիշտ այն փուլում, որ փուլում գտնվում է մեզ մոտ կառուցվող մոդուլային ատոմակայանը: Հետևաբար գործը դեռ չսկսած, գաղափարը դեռ կյանքի չկոչած՝ փխրուն ենթադրությունների վրա վատաբանել և ընդդիմանալ այս ամենին, ընդունելի չէ: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով հանրային ու փորձագիտական մակարդակում ծավալվող այն քննարկումներին, թե ամերիկացիներն աշխարհում առաջին անգամ են կառուցում մոդուլային ատոմակայան, և որ առաջին փորձարկումը հենց մեզ վրա են անում:

Ըստ ՀԾԿՀ նախագահի՝ մոդուլային ատոմակայանն ունի մի շարք առավելություններ, որոնք այն ավելի գրավիչ են դարձնում Հայաստանի համար:

«Առաջին առավելությունն այն է, որ այն պասիվ հանգստի անցնելու մեխանիզմով է աշխատում, այսինքն՝ Աստված մի՛ արասցե, վթարային իրավիճակներում, երբ էլեկտրաէներգիա չկա տարածքում, պոմպերը չեն աշխատում, վթարային իրավիճակում գտնվող մոդուլային ատոմակայանի սառեցման համար մարդու միջամտության կարիք չի լինելու:

Երկրորդ՝ մոդուլային այս տիպի ատոմակայանների 80-90 տոկոսով հիմնական բաղկացուցիչ սարքավորումները և մասերը արտադրվելու են արտադրող գործարաններում, և միայն տեղափոխվելու են տարածք, այն երկիր, որտեղ պետք է տեղակայվեն, և լեգոյի սկզբունքով պետք է կառուցվեն դրանք: Այսինքն՝ և՛ ժամանակի, և՛ շինարարության սխալանքի, և՛ անվտանգության առումով սրանք շատ ավելի բարձր դասի ատոմակայաններ են, քան այն, ինչ այսօր ունենք: Նաև մոդուլային ատոմակայանների ռեակտորների մասը պետք է հողի մեջ, ստորգետնյա հատվածում լինի:

Երրորդ, ամենակարևոր հանգամանքներից մեկն այն է, որ մի բան է ունենալ 1440 մեգավատանոց ատոմակայան, ինչն այսօր ունենք, և մի բան է, ունենալ, ենթադրենք, 8 X 50 մեգավատանոց մոդուլներ, որովհետև էլեկտրաէներգետիկական և էներգետիկական ռեժիմների կառավարելիության տեսանկյունից մոդուլային ատոմակայանները շատ ավելի ճկուն են, և շատ ավելի էֆեկտիվ է դրանց աշխատանքը»,- ասաց նա:

Մեսրոպ Մեսրոպյանը նկատեց՝ 1-2 օր է, ինչ արևային եղանակ է, և արդյունքում ՀՀ-ում ցերեկային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը 1100-1200 մեգավատից իջել է 650-700 մեգավատի, բայց ամբողջ հզորությամբ աշխատում են արևային կայանները, ինչի արդյունքում ստիպված բեռնաթափվում են ջերմային կայանները:

«Երևանի ՋԷԿ-ը առավոտից անջատել ենք, գործող ատոմակայանը բեռնաթափել ենք, որը շատ-շատ վատ, անթույլատրելի աշխատանքային ռեժիմում է: Իսկ երբ կունենանք փոքր մոդուլային կայաններ, բեռնաթափելու խնդրից կկարողանանք ազատվել»,- ասաց նա: