Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բավականին վիճահարույց հայտարարությամբ է անդրադարձել Վեդիում տեղի ունեցած ողբերգական դեպքին։
Հիշեցնենք, որ Վեդիում բացահայտվել է երկու անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական բռնության սարսափելի դեպք։ Դեպքում ներգրավված են երեք տղամարդ։
Այսօր, երբ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի շրջանակում ակցիա էր իրականացնում ՀԿԱԾ շենքի մոտ, մասնակիցներին մոտեցավ նախարար Սրբուհի Գալյանը։ Նախարարի և կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի միջև թեժ բանավեճ սկսվեց գերատեսչության գործառույթների շուրջ։ Վիճաբանության ընթացքում Գալյանը հայտարարեց, թե ՀԿԱԾ-ը պաշտպանում է մարդու իրավունքները, այդ թվում՝ երեխաների։
«Տիկին նախարար, նոր է մանկապղծության դեպք բացահայտվել այս երկրում, որը կոծկվում էր։ Երեխայի իրավունքներից ո՞նց է նախարարը խոսում», - վրդովվել է Մարուքյանը՝ հիշեցնելով, որ դեպքի մասին հայտնի է դարձել լրագրող Սյուզի Բադոյանի շնորհիվ, այլապես ամեն ինչ կթաքցվեր։
Ի պատասխան՝ նախարարը պնդեց, որ քննությունն ընթացքի մեջ է եղել, և որևէ մեկը ոչինչ չի փորձել թաքցնել։ Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել լրագրողներին օպերատիվ արձագանքի համար՝ նշելով, որ նրանց միջամտությունն արագացրել է քննության ընթացքը։
«Դուք հավակնում եք մտածել, որ մենք այնպիսի իդիլիայի մեջ կարող ենք ապրել, որտեղ չլինեն սեռական բռնության հետ կապված դեպքեր, որտեղ չլինեն պետական դավաճանության դեպքեր», - շարունակել է Գալյանը։
«Ես պատժի անխուսափելիությունից եմ խոսում, որ գործը փակում էին», - հակադարձել է Մարուքյանը։ Կարճատև վեճից հետո երկու կողմերն էլ մնացել են նույն կարծիքին։
Հաճելի, բայց տխուր զրույց, ամփոփել է Մարուքյանը։



