Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։



