Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով շարժվու...

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով Էջմիածնից շարժվում է Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե: Նրա աջակիցները փակել էին ճանապարհը և թույլ չտվեցին նրան ՔԿ ներկայանալ ավտոմեքենայով։ 

Մինչև շարժվելը Աջապահյանը ելույթ էր ունեցել իր աջակիցների առջև՝ հայտնելով, որ պատրաստ է գնալ ՔԿ՝ փաստաբանի ուղեկցությամբ։  

«Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու և ապօրինի է։ Ես երբեք չեմ թաքնվել, երբեք էլ չեմ խուսափել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվել»,- ասաց նա։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ևս հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Միքայել Սրբազանը կմեկնի Երևան` ներկայանալու Քննչական կոմիտե։ Մայր Աթոռը ժողովրդին հորդորել է չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով։

Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ ձերբակալելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ ընթացքում իրավապահ մարմինների ներկայացուցիչների և հոգևորականների միջև քաշքշուկ էր սկսվել, քիչ անց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է իրավապահների հետ գնալ Քննչական կոմիտե, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել էր ու մտել Վեհարան։ Դրանից հետո Մայր Աթոռը պարզաբանեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր իրավապահների հետ գնալ, սակայն հավաքված աջակիցները դա թույլ չէին տվել։  

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տարածած հայտարարությամբ հայտնել է, որ հունիսի 27-ին, բարձր հանրային լարվածության և հնարավոր սրացումների կանխման նպատակով, իրավապահները ժամանակավորապես դուրս են եկել Մայր Աթոռի տարածքից։
ԱԱԾ-ն կոչ է արել Միքայել Աջապահյանին չթաքնվել, իսկ քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելուց։

Քննչական կոմիտեն նշել է, որ Աջապահյանի ձերբակալման որոշումը կայացվել է՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված վարույթի շրջանակում, ըստ որի՝ նա մեղադրվում է զանգվածային լրատվամիջոցներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մեջ։

ՔԿ հաղորդմամբ՝ հունիսի 27-ին արձանագրվել է նաև քաղաքացիների կողմից իրավապահների օրինական գործողություններին խոչընդոտելու դեպք, որի հիմքով նոր քրեական վարույթ է նախաձեռնվել՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։

«Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծից։ Իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության»,- նշել են Քննչական կոմիտեից։

Քրեական վարույթը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ նախաձեռնվել է հունիսի 17-ին, նրա հրապարակային հայտարարությունների հիման վրա, որոնցում, ըստ իրավապահների գնահատման, առկա են եղել ռազմական հեղաշրջման կոչեր։