Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակից...

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել ՀՀ Քննչական կոմիտեի շենք։ Մինչ այդ նա որոշ ժամանակ քայլել է ոտքով Էջմիածնից, ապա նստել է մեքենա և ուղևորվել Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։

Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ ձերբակալելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ ընթացքում իրավապահ մարմինների ներկայացուցիչների և հոգևորականների միջև քաշքշուկ էր սկսվել, քիչ անց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է իրավապահների հետ գնալ Քննչական կոմիտե, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել էր ու մտել Վեհարան։ Դրանից հետո Մայր Աթոռը պարզաբանեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր իրավապահների հետ գնալ, սակայն հավաքված աջակիցները դա թույլ չէին տվել։  

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տարածած հայտարարությամբ հայտնել է, որ հունիսի 27-ին, բարձր հանրային լարվածության և հնարավոր սրացումների կանխման նպատակով, իրավապահները ժամանակավորապես դուրս են եկել Մայր Աթոռի տարածքից։
ԱԱԾ-ն կոչ է արել Միքայել Աջապահյանին չթաքնվել, իսկ քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելուց։

Մայր Աթոռի տարածքից իրավապահների հեռանալուց հետո Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ևս մեկ անգամ փորձեց ավտոմեքենայով Երևան մեկնել՝ Քննչական կոմիտե ներկայանալու համար, սակայն նրա աջակիցներն այս անգամ էլ փակեցին ավտոմեքենայի ճանապարհը և թույլ չտվեցին հեռանալ տարածքից։ Որոշ ժամանակ անց նա որոշեց ոտքով մեկնել Երևան, սակայն որոշ ժամանակ անց մեքենա նստեց ու ճանապարհը շարունակեց մեքենայով։ 

Աջապահյանի ձերբակալման որոշումը կայացվել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված վարույթի շրջանակում, ըստ որի՝ նա մեղադրվում է զանգվածային լրատվամիջոցներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մեջ։

Քրեական վարույթը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ նախաձեռնվել է հունիսի 17-ին, նրա հրապարակային հայտարարությունների հիման վրա, որոնցում, ըստ իրավապահների գնահատման, առկա են եղել ռազմական հեղաշրջման կոչեր։