Ընդհանրապես, խոսքի համար քրեական պատասխանատվությունը ամենածայրահեղ դեպքերում պետք է կիրառվի, և այս մասով ես բազմիցս եմ խոսել, որ Հայաստանում միանշանակ կան խնդիրներ։ Այս մասին այսօր՝ հունվարի 22–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Այնպես չէ, որ բացառված է խոսքի համար քրեական պատասխանատվությունը, բայց նաև պետությունը պետք է հստակ ցույց տա, թե ինչով է խոսքի այդ տեսակը հատել այն սահմանը, որ այդպիսի ծանր է դիտարկվել և անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Այս առումով ես կարծում եմ, որ մենք լրջագույն խնդիրներ ունենք, այդ թվում բոլորիս մոտ տպավորություն է մնում, որ Հայաստանում կա երկակի արդարադատություն։
Իմ խորին համոզմամբ Հայաստանում գոյություն ունի դեռևս հայեցողական արդարադատություն և այս մասով, իրավասու մարմինները պետք է ցույց տան, թե այդ ինչով հատեց սահմանը, որ մենք էլ դա համարեցինք քրեական պատասխանատվության ենթակա և ինչու մյուս դեպքերում այդպես, չէ։ Պետք է չափանիշը հստակ ցույց տան, հակառակ պարագայում մենք կարող ենք գործ ունենալ կոլեկտիվ անպատասխանատվության հետ»,– հայտարարեց ՄԻՊ–ը։
Ինչ վերաբերում է նրան, որ օրերս ԱԺ–ում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին պետական պահպանության ծառայության աշխատակիցները թևերից բռնած հեռացրեցին՝ նշելով, որ նրանք զրկված են հավատարմագրումից, Անահիտ Մանասյանն ասաց. «ԱԺ–ում հավատարմագրման հետ կապված հարցերը, մենք դեռևս նախորդ տարվանից մեր տարեկան հաղորդման շրջանակներում ներկայացրել ենք։ Այս պահին փորձում ենք իրավիճակը նաև պետական մարմնի պարզաբանումների համատեքստում քննարկել, բայց այստեղ մի այլ հարցադրման կուզենամ անդրադառնալ, իրականում շատ-շատ կարևոր է, որպեսզի կառուցողական երկխոսություն ձևավորվի լրագրողների և պաշտոնատար անձանց միջև, որովհետև բացի գրված փաստաթղթերից, բացի այդ պահին միգուցե նույնիսկ իրավաչափ եղանակով ինչ-որ կանոն կիրառելուց, շատ կարևոր է, որպեսզի նրանք միմյանց հետ կարողանան այդ սահմանները, էթիկական ստանդարտները գծել և կառուցողական լինել այս բոլոր հարցերում»։
Լրագրողի հարցադրմանը, թե կարո…ղ է մի օրինակ բերել, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները էթիկայի որևէ կանոն են խախտել, Մանասյանն ասաց. «Ես համակարգային խնդիրների մասին խոսեցի։ Շատ կարևոր է, որպեսզի մենք ոչ միայն մեր հետ կապված հարցերը քննարկման առարկա դարձնենք, այլ ընդհանուր հարցեր, որովհետև, օրինակ, եթե մեզ հետ կապված հարցերը կարևոր լինեին, հիմա այստեղ ես պետք է գայի, ամբողջ օրը սկսեի խոսել այն մասին, թե, օրինակ, այս պահին հացադուլի մեջ գտնվող անձի ընտանիքի անդամը ինչ հայհոյանքներ է իմ հետ կապված հրապարակային դրել, իմ աշխատակիցների հետ կապված ինչեր են ասել և այլն, բայց սրան չեմ անդրադառնում»։
Նա հիշեցրեց, որ ինքը իշխանության ներկայացուցիչ չէ, պետական սահմանադրական պաշտոնատար անձ է, անկախ պաշտոնատար անձ, որի գործունեությանը չի կարելի միջամտել։



