ՄԻՊ-ում ներկայացվել են դպրոցներում բուլինգի և...

Մարտի 13-ին տեղի է ունեցել մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը։

ՄԻՊ-ից հայտնում են, որ բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Աղաջանյանը և Եվրոպայի խորհրդի ծրագրի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը։

Հանդիմպան ժամանակ Եվրոպայի խորհրդի փորձագետ Քրիստինե Ասատրյանը ներկայացրել է «Երիտասարդների հզորացում և առաջնորդության հաղորդակցություն երեխաների համար» երեխաների իրավունքների պաշտպանության և խթանման Եվրոպայի խորհրդի չափանիշները։

Հարցուպատասխան ձևաչափով անցկացվել է երեխաների իրավունքների վերաբերյալ քննարկում, որի շրջանակներում ՄԻՊ փորձագետ Դավիթ Մարտիրոսյանը ծանոթության և մտքերի փոխանակումից հետո, խորհրդի անդամներին ներկայացրել է երեխայի լավագույն շահի ապահովման, հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելի միջավայրի ապահովման, դպրոցներում բուլինգի և բռնության բոլոր դրսևորումների կանխարգելման, բացահայտման և արձագանքման հետ կապված խնդիրները:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում արձանագրված խնդիրները և Խորհրդի առաջիկա ծրագրերը, իրականացվելիք գործողությունները:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է՝ երեխաների մասնակցությունը տարբեր գործընթացներին, այդ թվում՝ որոշումների կայացման գործընթացներում, ունի բացառիկ կարևորություն։