
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վանուհի Կարապետյանը հուլիսի 8-10-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել է «Զինված ուժերում մարդու իրավունքները. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովին:
Այն կազմակերպվել էր Անվտանգության ոլորտի ժնևյան կառավարման կենտրոնի (DCAF) և Գործընկերություն հանուն խաղաղության կոնսորցիումի (PfPC) համագործակցության շրջանակներում։
Համաժողովի նպատակն էր խթանել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված լավագույն փորձի փոխանակումը, անվտանգության ոլորտում անվտանգությունը և հաշվետվողականությունը, ինչպես նաև քաղաքացիական վերահսկողության ուժեղացումը։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Տաջիկստանից և մի շարք այլ երկրներից Պաշտպանության գերատեսչությունների, օմբուդսմանական հաստատությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկվել են շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ զորակոչի ընթացակարգերը, զինվորական բժշկական հանձնաժողովների գործունեությունը, օմբուդսմանական հաստատություններին ներկայացվող բողոքների ներկայացման թվային գործիքների կիրառումը և արտակարգ իրավիճակներում զինված ուժերի դերին վերաբերելի հարցեր։
Այս մասնակցությունն արտահայտում է Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ աշխատակազմի հանձնառությունը՝ նպաստելու զինված ուժերում թափանցիկության, մարդու իրավունքների և ինստիտուցիոնալ պատասխանատվության խորացմանը։