Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները հունիսի 2-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց համապատասխանությանը սահմանված չափանիշներին։ Մշտադիտարկման շրջանակում ուսումնասիրվել է նաև կարանտինային բաժանմունքը։
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ։ Դիտարկվել են նաև հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արտուր Օսիպյանի իրավունքների իրացմանն առնչվող հարցերը, պահման պայմանները։
Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ և բժիշկ:
Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, հոգեբանական աշխատանքի և վերասոցիալականացման գործընթացների, հացադուլի վարման ընթացքի, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների հետ կապված հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, բազմիցս է անդրադարձել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում խոնավության, սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված համակարգային խնդիրներին, ինչը խնդրահարույց է ինչպես ազատությունից զրկված անձանց, այնպես էլ քրեակատարողական ծառայողների իրավունքների տեսանկյունից։ Պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին, և հարցը պետք է ստանա համակարգային ու շուտափույթ լուծում:
Առանձնազրույցների արդյունքներով քննարկվել են հացադուլ հայտարարած անձանց զբոսանքի իրավունքի իրացման մեխանիզմների հնարավոր բարելավման, անձնական հիգիենայի ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, կալանավորված անձանց՝ ռադիոյով ապահովելու հետ կապված հարցեր։
Բոլոր հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուրաբաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։ Բարձրացված հարցերի մի մասը տեղում ստացել է լուծում, որոշ խնդիրների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, իսկ արձանագրված մյուս խնդիրները` համապատասխան լուծումներ գտնելու պահանջով կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության և պահման պայմանների բարելավման համակարգային հարցերը։ Մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ։



