ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջիկայում կհրապարակի արտահերթ զեկույց՝ ներկայացնելով Ադրբեջանում հայատյացության դրսևորումների փաստեր: Այս մասին նոյեմբերի 4-ին Գյումրիում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է ռազմագերիների և Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց խոշտանգումների փաստերի հավաքագրման գործընթացն ու աշխատանքները ինչպես տարբեր միջազգային կառույցների, այնպես էլ տարբեր պետությունների ու դեսպանատների հետ, որոնք որոշակի ներգրավված են բանակցություններում: «Տեղյակ եք, որ 17 անձինք վերադարձել են, բայց այս պահին ցավալի է, որ Ադրբեջանում ունենք գերիներ, որոնց մեծ մասը Շիրակի մարզից են: Մեր աշխատանքները միջազգային իրավունքների լույսի ներքո փաստերի հավաքագրման ուղղությամբ շարունակվում են: Այս առումով ակտիվ կապի մեջ ենք ԱՄՆ դեսպանության և Եվրոպական միության պատվիրակության հետ՝ ավելացնելու միջազգային ճնշումը, ինչը պետք է վերջիվերջո հանգեցնի մեջ տղաների վերադարձին»,- նշեց Քրիստիննե Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ այս աշխատանքներին զուգահեռ աշխատանքներ են տարվում գերիների ընտանիքների հետ:



