ՄԻՊ-ին շնորհվել է վստահելիության և անկախությա...

Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին պաշտոնապես տեղեկացվել է, որ ենթահանձնաժողովը Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի Բյուրոյին առաջարկել է իր ղեկավարած հաստատությանը շնորհել «A» դասի բարձրագույն կարգավիճակ:

Նման կարգավիճակ շնորհվում է այն օմբուդսմաններին և ազգային հաստատություններին, որոնք համապատասխանում են ՄԻՊ գործունեության համար սահմանված սկզբունքներին, անկախ են, վստահելի և դրսևորում են մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն:

Ենթահանձնաժողովն ուսումնասիրել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, որի արդյունքում հաստատել է, որ Հայաստանի Պաշտպանի ինստիտուտը գործում է Փարիզյան սկզբունքների համաձայն և համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու չափանիշներին:

Ի թիվս այլնի, ուսումնասիրության առարկա են դարձել Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդումը, մարդու իրավունքներին առնչվող զգայուն հարցերը հրապարակայնորեն հասցեավորելու հանգամանքը և այլն։ 2023-2024թթ. Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ իրավասու պետական մարմինների հետ ակտիվ քննարկումների առարկա են դարձել 2019 թվականին Հավատարմարգրման ենթահանձնաժողովի կողմից Հայաստանի ՄԻՊ հաստատությանը տրված հանձնարարականները՝ վերաբերելի ոլորտներում օրենսդրական փոփոխություններ կատարելու առնչությամբ, մշակվել և քննարկվել են համապատասխան նախագծային տարբերակներ։

Մարդու իրավունքների պաշտպանը հանձնառու է հետևողական լինել Հավատարմագրման ենթահանձնաժողովի կողմից ներկայացված հանձնարարականների նաև հետագա իրացման հարցերի առումով։

A դասի կարգավիճակը բարձրացնում է ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի, այլև տվյալ երկրի հեղինակությունը միջազգային հարթակներում: Նման կարգավիճակ ստացած Պաշտպանները հնարավորություն են ստանում լիակատար մասնակցություն ունենալու Միավորված ազգերի կազմակերպության մարմիններում և մի շարք այլ հեղինակավոր միջազգային կառույցներում, ինչպես նաև ընդգրկվելու դրանց կառավարման մարմիններում: