ՄԻՊ արդի մարտահրավերները պահանջում են բոլոր պ...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. դիմակայունություն և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի մեկնարկի արարողությանը:

Խորհրդաժողովը նվիրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին:

Միջոցառման ընթացում Հանրապետության նախագահը ողջունել է բարձր մակարդակի համաժողովի անցկացումը և հանդես է եկել ելույթով:

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ և ողջունում այսօրինակ բարձր մակարդակի համաժողովի անցկացումը, որը շատ լավ հնարավորություն է անդրադառնալ մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցված հաջողություններին, ապագայի անելիքներին և առկա մարտահրավերներին:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մեր երկրում մարդու իրավունքների և օմբուդսմանական միակ ազգային հաստատությունն է, որի դերակատարությունը դժվար է գերագնահատել մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության և խթանման գործում:

Ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության արդի մարտահրավերները պահանջում են բոլոր պետական կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և իհարկե, միջազգային գործընկերների ջանքերի մեկտեղումը: Վերջինիս արդյունքում պետությունը պարտավորվում է ստեղծել յուրաքանչյուրի իրավունքի և արժանապատվության պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմներ:

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները վերջին 20 տարիների ընթացքում մեծ նշանակություն են ունեցել մեր հասարակության և առավել ևս ժողովրդավարության զարգացման գործում և այստեղ էական դեր է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը:

Այս տեսանկյունից առանձնահատուկ կարևորում եմ նաև համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները, որոնք լիովին արտացոլում են ներկայումս Հայաստանում մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները:

Հարգելի ներկաներ,

Վստահ եմ, որ նման բարձր մակարդակով անցկացվող համաժողովում բազմակողմանի ուսումնասիրության կենթարկվեն առաջիկայում էլ մարդու և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներն ու քայլերը, որոնք կոչված են լինելու մեր երկրում ժողովրդավարության շարունակական ամրապնդմանն ու կայացմանը:

Կրկին շնորհավորելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակի առթիվ, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել համաժողովի կազմակերպիչներին, միջազգային գործընկերներին և մաղթել արդյունավետ աշխատանք և քննարկումներ»: