ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանո...

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալված անձանց հետ առանձնազրույց ունենալու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու ու արձագանքելու նպատակով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։  

«Զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Երևանի Գումի շուկայում իրավիճակն այս պահին շատ լարված է. ՍԱՏՄ աշխատակիցները և Ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս մսավաճառներին առևտուր իրականացնել: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել նաև այն մասին, որ առևտուր իրականացնող մի շարք անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության բաժին:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու և արձանագրելու նպատակով: 

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրության առարկա կդառնա նաև համապատասխան բնակավայրերում սպանդանոցների բացակայության վերաբերյալ մսավաճառների բարձրացրած հարցը:

Այցի արդյունքները կամփոփվեն, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ: