Մինեսոտայում ներգաղթյալների դեմ գործողության...

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցները Մինեսոտայում անօրինական ներգաղթյալներին ձերբակալելու լայնածավալ գործողության ընթացքում ձերբակալել են ավելի քան 400 մարդու՝ հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով գործակալության աղբյուրին։

Մինեապոլիսում, որտեղ բնակվում է Սոմալիից եկածների ամենամեծ համայնքն աշխարհում, գործողությունը սկսվել է դեկտեմբերի սկզբից: Դրան մասնակցում են ԱՄՆ ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության շուրջ 100 աշխատակից երկրի տարբեր մասերից, ինչպես նաև մյուս գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի բնակիչները բողոքում են անվտանգության ուժերի տեղակայման դեմ և սպառնալիքներ են հնչեցնում նրանց հասցեին։

Ինչպես դեկտեմբերի 3-ին հաղորդել էր The New York Times-ը, դաշնային գործակալները մտադիր են նույնականացնել և ձերբակալել այն սոմալիացիներին, որոնք ստացել են արտաքսման ծանուցումներ, բայց դեռևս բնակվում են քաղաքում։ Բացի այդ, իրավապահ մարմինները նախատեսում են ձերբակալել նաև դեռևս անհրաժեշտ փաստաթղթեր չստացած ներգաղթյալներին։

Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մինչև իր պաշտոնավարումը մոտ 25 միլիոն մարդ անօրինական մուտք է գործել երկիր։ Սպիտակ տան ղեկավարը բազմիցս հանդես է եկել ներգաղթի քաղաքականության խստացման օգտին։ Իր երդմնակալությունից հետո նա հրամանագիր է ստորագրել՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին արտակարգ դրություն հաստատելու մասին։ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է իրականացնել ամերիկյան պատմության մեջ անօրինական ներգաղթյալների ամենածավալուն արտաքսումը։