Մինչև օգոստոսի մեկը գազով աշխատող մեքենաների...

Hraparak.am-ը գրում է․

«Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնում այն օրենքը, համապատասխան որի՝ գազով աշխատող բոլոր ավտոմեքենաները պարտադիր պետք է ստուգում եւ փորձարկում անցած լինեն համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից: 

Սրա վերաբերյալ օրերս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ հիշեցնելով, որ սույն թվականի օգոստոսի1-ից ՀՀ քաղաքացիների տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:

Երեւանում եւ մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն, որոնց վերաբերյալ նաեւ ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է համապատասխան ցանկ եւ տեղեկատվություն։ Այդ 15 կազմակերպությունից 8-ը գործում է Երեւանում, 4-ը՝ Շիրակի, 1-ը՝ Լոռու, 1-ը՝ Տավուշի, 1-ն էլ՝ Գեղարքունիքի մարզում։ Այսինքն՝ Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արարատի եւ Արմավիրի մարզերում այսպիսի կազմակերպություններ չկան։
ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը մեզ ասաց, որ այս պահին մի քանի մարզերի վերաբերյալ լիցենզիաները ստացման փուլում են, այսինքն՝ մինչեւ օգոստոսի 1-ը, ամենայն հավանականությամբ, բոլոր մարզերում կլինեն այդպիսի ընկերություններ, որոնք փորձարկումներ կանցկացնեն։ 

Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա Սոնա Հարությունյանն ասաց, որ գներն իրենք չեն որոշում, դրանք որոշում են ընկերությունները, բայց կա հստակ գնային շրջանակ՝ 9-13 հազար դրամի շրջանակներում։ Նա նաեւ հույս հայտնեց, որ երբ ընկերությունները շատանան, մրցակցությունից ելնելով՝ գներն էլ կնվազեն։

ՏԿԵ նախարարության կողմից այս պահն լիցենզիա ստացած 15 ընկերությունից պատահականության սկզբունքով ընտրեցինք դրանցից մեկին՝ Երեւանի Արցախի փողոցում գործող «Էքսպերտ թեչ» գազաբալոնների փորձարկման, վկայագրման եւ տեղադրման լիզենզավորված ընկերությունը, եւ զանգահարեցինք տնօրեն Մկրտիչ Տիգրանյանին։

Նա նախ նշեց, որ տարբեր ընկերությունների մոտ տարբեր գներ են՝ հստակ սահմանված գին չկա, իսկ իրենց մոտ 12 հազար դրամ արժե, բայց տարբեր ընկերություններ տարբեր գներով են աշխատում, իրենցը միջին գինն է, կան դրանից ե՛ւ բարձր, ե՛ւ ցածր գնով փորձարկում իրականացնողներ։ 

Փորձեցինք ճտել, թե այդ 12 հազարի մեջ ինչն է մտնում։ Տիգրանյանն ասաց․ «Մենք կատարում ենք գազաբալոնի փորձարկում, այսինքն՝ մեքենան գալիս է, գազաբալոնը վրայից հանվում է, տեղադրվում է  ստենդի վրա, իր համապատասխան ճնշմամբ ստուգվում է, դրանից հետո լվացվում է բարձր ճնշմամբ, չորացվում է մեջը, տեղադրվում է մեքենայի վրա, միացումները տրվում են, ստուգվում է, որ միացումները հերմետիկ լինեն, ու համապատասխան փաստաթուղթն էլ լրացվում է։ Դա տեւում է մոտավորապես 50 րոպեից մինչեւ մեկ ժամ»։

Ընկերության տնօրենն ասաց, որ հիմա արդեն վարորդները դիմում են իրենց՝ տեղյակ լինելով, որ օգոստոսի 1-ից օրենքն ուժի մեջ է մտնում։ Օրական իրենց ընկերությունը 10-12 մեքենայի գազաբալոն է փորձարկում։

Նկատեցինք, որ վարորդների շրջանում խոսակցություն կա տարածված, թե ասում են՝ 12-13 հազար դրամ է, բայց գնում են, պարզվում է՝ լրացուցիչ ստուգումներ պիտի անցնեն, որից գինը բարձրանում դառնում է 30-40 հազար դրամ։ Հարցին, թե որքանով է դա իրատեսական, մեր զրուցակիցն ասաց․ «Ես չգիտեմ՝ էդ ինչ վարորդների հետ եք Դուք շփվում կամ էդ ինֆորմացիան որտեղից եք վերցնում, բայց նման գներ, որ 12 հազարը դառնա 30-40 հազար, նման բան չկա։ Կարող է, ասենք, փորձարկման ընթացքում փականն անպիտան է դուրս գալիս, ու կարիք է առաջանում փականը փոխելու, դա ի՞նչ կապ ունի փորձարկման հետ։ Իսկ էդ փականն արժի, ասենք, 7-8 հազար դրամ։ Ես չգիտեմ՝ էդ խոսակցությունները դուք որտեղից եք լսում, եթե տաքսու վարորդներն են խոսում, էնքան բան են ասում, կարող է գա կանգնի, փորձարկումն անենք, մեկ էլ «պակրիշկեն» իջնի, ասեն՝ վայ, արա, եկել եմ՝ «պակրիշկես» ամբողջական էր, փորձարկում արեցինք՝ «պակրիշկես» իջավ։ Մի խոսքով, էդ կարգի գներ հնարավոր չեն բալոնի փորձարկման համար»։

Վահե Մակարյան»