Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղութ...

Freedom House կազմակերպության կայքում աշխարհի ժողովրդավար ուժերին կոչ է արվում ավելի ակտիվ ու գործուն լինել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներին Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի շրջափակումից ազատելու հարցում: Հոդվածում նշվում է, որ 2020-ի հրադադարը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին թողեց ադրբեջանական զինուժի շրջապատման մեջ և ռուս խաղաղապահների կասկածելի պաշտպանության տակ։ Այս տարի պայմաններն էլ ավելի են վատացել։

Նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի ազատ ընտրված վարչապետը բանակցություններ են վարում կարգավորման ավելի լայն պայմանների շուրջ, ադրբեջանական ուժերը վերջին մի քանի ամսվա ընթացքում խստացրել են Լեռնային Ղարաբաղի շրջափակումը` բնակիչներին մղելով մարդասիրական ճգնաժամի, ինչն էլ ավելի է կարևորում աշխարհի ժողովրդավարական երկրների հրատապ օգնության անհրաժեշտությունը:

Ամբողջ աշխարհի ժողովրդավարներն արդեն արտահայտել են իրենց մտահոգությունը Բաքվի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, միջազգային կառույցներն ավելի ու ավելի հաճախ են միջամտում: Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին հանձնարարել է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ ապահովելու մարդկանց, փոխադրամիջոցների և բեռնատարների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։ Սակայն Ադրբեջանի կառավարությունը ոչ միայն պահպանել է շրջափակումը, այլև օրինականացրել է այն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը հայտնի է միջազգային պատասխանատվության մեխանիզմների անտեսմամբ։ 2020 թվականի նոյեմբերին հրադադարի մասին հայտարարության ստորագրումից անմիջապես հետո ադրբեջանական ուժերը գրավեցին ևս երկու գյուղ, իսկ ավելի ուշ՝ նաև Լեռնային Ղարաբաղի Փարուխ գյուղը։ Անցյալ սեպտեմբերին ադրբեջանական զինուժը հարձակում գործեց Հայաստանի ներսում գտնվող դիրքերի վրա՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս:

Ոչ պարտադիր քաղաքական հանձնարարականները, ինչպիսիք են Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կարծիքները, մեծ նշանակություն չեն ունեցել Ալիևի կառավարության համար: Նույնիսկ միջազգային տրիբունալների պարտադիր որոշումներն անարդյունավետ են: Ադրբեջանը չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, և այդ չկատարված գործերի գրեթե 40 տոկոսը վերաբերում է հակամարտությանը: Այս համատեքստում պարզ է, որ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումները կարող են լուծվել միայն ժողովրդավարական ուժերի շատ ավելի ակտիվ ներգրավվածության և հարկադրող ջանքերի միջոցով:

Լեռնային Ղարաբաղում ներկա ճգնաժամը մարդասիրական է, սակայն հիմնական հակասությունն իր հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց համայնքի և ավտորիտար ագրեսորի միջև է, որը նախընտրում է սպանել կամ վտարել նրանց, քան ճանաչել նրանց հիմնարար իրավունքները: «Աշխարհի ժողովրդավարական երկրներից շատերն այսօր համախմբվում են՝ ընդդիմանալու Մոսկվայի ներխուժմանը Ուկրաինա, սակայն նրանք չպետք է մոռանան, որ նմանատիպ անարդարություններ են տեղի ունենում նաև այլ վայրերում՝ սպառնալով զավթողական պատերազմների միջազգային արգելքին, ինչի պահպանման համար ուկրաինացիներն այդքան համառորեն պայքարում են»,- նշված է կազմակերպության հոդվածում։

Ըստ միջազգային իրավապաշտպան կենտրոնի՝ կարճաժամկետ հեռանկարում, ժողովրդավարական երկրները պետք է օգտագործեն միջազգային կառույցների լծակները, ինչպիսիք են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպեսզի օգնեն կիրառել Արդարադատության միջազգային դատարանի հրամանները՝ գործնականում ապահովելով Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերացումը: Իմաստալից պարտադրող գործողությունները կարող են նաև Բաքվին հետ պահել Հայաստանի հետ սահմանի երկայնքով ռազմական սրացումներից, որոնց նպատակն է Վաշինգտոնի և Բրյուսելի աջակցությամբ Երևանի հետ անցկացվող բանակցություններում ձեռք բերել տարածքային զիջումներ: Միևնույն ժամանակ, ժողովրդավարական երկրները պետք է ուղղակի մարդասիրական օգնություն ցուցաբերեն հակամարտությունից տուժած բնակչությանը՝ նրանց տառապանքը մեղմելու համար։

«Հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտության պատմությունը բարդ է և ողբերգական երկու կողմերի համար: Այնուամենայնիվ, բոլոր ազգերի շահերից է բխում պաշտպանել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մերժել ռազմական ագրեսիան և կանխել խաղաղ բնակչության դեմ վայրագությունները: Մարդկությունը թանկ է վճարում ռազմականացման համար, և տարածաշրջանում վեճերի ցանկացած երկարաժամկետ լուծման դեպքում առաջնահերթությունը պետք է տրվի նրա ամբողջ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը»,- եզրափակել է Freedom House-ը: