Միջուկային զսպումը կարող է ապագա քննարկումներ...

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն անհրաժեշտ է համարում Եվրոպայում միջուկային զսպման սեփական միջոցների ձեռքբերման շուրջ քննարկում սկսելը: Այդ մասին նա ասել է փետրվարի 6-ին ֆիննական Helsingin Sanomat թերթում հրապարակված հարցազրույցում։

«Միջուկային զսպումը կարող է ապագա քննարկումների մաս դառնալ՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը և այն փաստը, որ միջուկային զենքը միակն է, որն իրապես զսպման գործոն է», - ասել է Կալասը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ միջուկային զսպումը սովորաբար մտնում է ԵՄ երկրների իրավասության մեջ, «սակայն նաև ակներև է, որ իրավիճակն արմատապես փոխվել է»։

Հրատարակությունը գրում է, որ դրա հետ մեկտեղ Կալասը զգուշորեն է վերաբերվում միջուկային զենքի տարածման հարցին և դրան առնչվող ռիսկերին։ Նա նշել է, որ եվրոպական երկրները միացել են այն պայմանագրերին, որոնք սահմանափակում են միջուկային զենքը։

Կալասը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում ԵՄ նոր ներկայացուցչի անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ դրա համար Եվրոպայում արդեն գոյություն ունեն համապատասխան հաստատություններ։