Արցախում ակնհայտ են համարում, որ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու քայլը բնապահպանական որևէ հարցի հետ կապված չէ. Ադրբեջանի համար դա ընդամենը պատրվակ է:
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի ասուլիսների սրահում կայացած ասուլիսի ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ բնապահպանական կեղծ հիմնավորումներով Լաչինի միջանցքը փակել են մարդիկ, ովքեր ծառայում են Ադրբեջանի բանակում, հատուկ ծառայություններում: Բաբայանի խոսքով՝ այդ ամենը բեմադրություն է, և վաղը կուղարկեն հեծանվորդների, մյուս օրն՝ այլ արտիստների:
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն էլ ընդգծել է, որ բնապահպանական հարցերը զուտ պատրվակներ են:
«Բացի նրանից, որ Կաշենի հանքը միջազգային բոլոր ստանդարտները պահպանում է, նաև Կաշենի հանքը շուրջ 20 կիլոմետր հեռավորության վրա է ադրբեջանական ամենամոտիկ բնակավայրից և որևէ ջրային ռեսուրսի մոտ չի գտնվում: Հետևաբար, իրականում նույնիսկ այս պատրվակը հիմնավոր չէ: Այնինչ, մենք հիմնավոր տարբեր խնդիրներ ունենք բարձրաձայնելու, այդ թվում՝ բնապահպանական, ջրային ռեսուրսների կառավարման տեսանկյունից, որոնց ադրբեջանական կողմը պետք է պատասխանի: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ սա ուղղակի պատրվակ է, ցանկացած պահի այլ պատրվակնր կարող են կիրառվել Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասել է Բեգլարյանը:



