Միգուցե ժամանա՞կն է, որ վարչապետը Նոր Խարբերդ...

Կառավարության դիմաց իր բողոքն էր եկել ներկայացնելու Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակչուհի Անահիտ Տոնոյանը: Politik.am-ի հետ զրույցում Անահիտ Տոնոյանը ասում է՝ ամիսներ շարունակ մնում են հոսանքազրկված տանը, քանի որ ընտանիքի միակ եկոմուտն այս պահին մոտ 28 000 դրամ սոցիալական նպաստն է, և հոսանքի համար վճարել չեն կարողացել: Այս պահին 100 000 դրամից ավելի է պարտքը, խնդրում են բաժանել ամիսների մեջ, որ կարողանան մաս-մաս վճարել:

Անահիտ Տոնոյանի խոսքով՝ 5-ամյա թոռնիկը առողջական խնդիրներ ունի, որոնք չլուծելու դեպքում առողջական վիճակը կբարդանա, բայց անհրաժեշտ գումարը գտնել չեն կարողանում: Որդին անաշխատունակ է՝ առողջական խնդիրների պատճառով, Անահիտ Տոնոյանը ևս. նա էլ հաշմանդամության կարգ ունի: 

Մեկուկես ամիս առաջ ընտանիքը նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով օգնել կատարել երեխայի բուժումը, սակայն նամակը հասցեագրել են Արարատի մարզպետարան, այնտեղից՝ համայնքապետարան: Բնակչուհին ասում է՝ համայնքապետը շատ է օգնել առաջ, էլ ինչքա՞ն կարող է, պետք է մարզպետարանը հետամուտ լինի: Օրեր առաջ նորից են նամակ գրել վարչապետին՝ խնդրելով նամակը մարզպետարանին չհասցեագրել, քանի որ այնտեղից որևէ պատասխան չեն ստանում:

 «Ինձ դուր է եկել վարչապետի խոսքը՝ «Լինելու եմ այնտեղ, որտեղ ինձ չեն սպասում»: Միգուցե ժամանա՞կն է, որ ինքը այցելի Նոր Խարբերդ ու տեսնի՝ ինչ է կատարվում»,-ասաց Անահիտ Տոնոյանը: