2025թ․-ի հունվարի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կայացրել է վճիռ «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով, ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները խախտել են դիմումատուի որդու՝ Հ․ Մովսիսյանի կյանքի իրավունքի պաշտպանության և արդյունավետ քննության իրավունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՔԱՎ գրասենյակը:
Հայտարարությունում ասվում է. «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 2012 թվականի նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) Հ.Մովսիսյանի ողբերգական մահվան դեպքին։
2012թ․-ին, երբ Հ.Մովսիսյանը գտնվում էր ժամկետային զինծառայության մեջ, վերջինիս մոտ ախտորոշվել էր օրգանական հոգեբուժական խանգարում։ Զինծառայության ընթացքում Հ․Մովսիսյանը ինքնասպանության փորձ էր կատարել։ Չնայած հոգեկան առողջության խնդիրներին՝ նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու նպատակով ինքնախեղման մեղադրանքով։ Վերջինիս տեղափոխել էին ԼՂՀ Շուշիի մեկուսարան, որտեղ ավելի ուշ հայտնաբերել էին սավանից կախված։ Պաշտոնական հետաքննությունը եզրակացրել էր, որ Հ․Մովսիսյանի մահը ինքնասպանություն էր։ Մայրը՝ Հ․ Պետրոսյանը, պնդում էր, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել պաշտպանել իր որդու կյանքի իրավունքը և չեն իրականացրել նրա մահվան մանրակրկիտ և անաչառ հետաքննություն։
Թե՛ ներպետական ատյաններում, թե՛ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հ․ Մովսիսյանի իրավահաջորդի՝ Հ․ Պետրոսյանի շահերը պաշտպանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ հանձինս կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի և կազմակերպության նախկին փաստաբան Արայիկ Զալյանի։
ՄԻԵԴ-ի եզրակացությունը՝
2-րդ հոդվածի խախտում (Կյանքի իրավունք).
Դատարանը հայտնաբերել է ՄԻԵԴ կոնվենցիայի 2-րդ հոդվածի և՛ նյութական, և՛ դատավարական խախտումներ։ Մասնավորապես, եզրակացրել, որ.
ՀՀ իշխանությունները չեն կարողացել համոզիչ բացատրություն տալ պետության անմիջական հսկողության ներքո գտնվող մեկուսարանում Մովսիսյանի մահվան փաստին, հաշվի չի առնվել Հ․Մովսիսյանի խոցելիությունը՝ պայմանավորված հոգեկան առողջության խնդիրներով, և նախկինում իրականացրած ինքնասպանության փորձը։
Նրա մահվան հանգամանքների հետաքննությունը եղել է անբավարար և ոչ համարժեք։ Անհրաժեշտ ջանքեր չի ցուցադրվել մահվան իրական հանգամանքները պարզելու և որևէ համակարգային կամ անհատական պատասխանատվություն բացահայտելու համար:
13-րդ հոդվածի խախտում (Արդյունավետ պաշտպանության իրավունք).
Դատարանը որոշել է , որ դիմումատուին մերժվել է պետության գործողությունները կամ անգործությունը վիճարկելու արդյունավետ միջոցը: ՄԻԵԴ-ը նշել է.
Ընթացակարգային խոչընդոտները թույլ չեն տվել Հ․Պետրոսյանին ամբողջովին մասնակցել քննությանը։ Մեջբերում ենք․
- Դիմումատուն բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել գործի նյութերին ծանոթանալու, հետաքննությանը մասնակցելու և արդարություն գտնելու հարցում: Այս խոչընդոտները, որոնք գումարվել են հետաքննության թափանցիկության և համապարփակ ուսումնասիրության պակասին, ստիպել են նրան 2015 թվականին դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ներքին օրենսդրությամբ նախատեսված միջոցները բավարար չէին ինստիտուցիոնալ պատասխանատվություն սահմանելու և նրա որդու կյանքի իրավունքի խախտումը փոխհատուցելու համար։
ՄԻԵԴ վճռով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Հ․Պետրոսյանին վճարել 50․000 Եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
ՄԻԵԴ ընդգծում է ՀՀ-ի հիմնարար պարտավորությունը՝ պաշտպանելու կալանքի տակ գտնվող անձանց, հատկապես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները: Դատարանը ընդգծում է նաև պետության կողմից վերահսկվող հաստատություններում մահացությունների դեպքերի արդյունավետ, թափանցիկ և անաչառ հետաքննությունների անցկացման կարևորությունը:
Ավելի լայն համակարգային խնդիրները, այդ թվում՝ Հայաստանի կողմից զոհերի ընտանիքների համար մատչելի և արդյունավետ միջոցներ ապահովելու և ապագայում նմանատիպ ողբերգությունները կանխելու համար վերահսկողության մեխանիզմներն ուժեղացնելու անհրաժեշտությունը։