Գրենլանդիան դարեր շարունակ եղել է Դանիայի Թագավորության մաս, և այն բազմիցս ճանաչվել է ամերիկյան վարչակազմերի, ՄԱԿ-ի և միջազգային մակարդակով։
Այս մասին X միկրոբլոգի գրառման մեջ հայտարարել է ԱՄՆ-ում Դանիայի դեսպան Ջեսպեր Մյոլլեր Սյորենսենը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնաց Ջեֆ Լենդրիի հայտարարությանը։
«Այո՛, պատմությունը կարևոր է. Դանիայի թագավորությունը միշտ ուս-ուսի է կանգնած եղել ԱՄՆ-ի կողքին։ Սեպտեմբերի 11-ից հետո Դանիան արձագանքել է ԱՄՆ-ի կոչին։ Մենք մեկ շնչի հաշվով Աֆղանստանում ավելի շատ զինվորներ կորցրեցինք, քան քան ՆԱՏՕ-ի որևէ այլ դաշնակից»,- նշել է նա գրառման մեջ՝ հավելելով, որ Գրենլանդիան դարեր շարունակ եղել է Դանիայի Թագավորության մաս և բազմիցս ճանաչվել է ամերիկյան վարչակազմերի կողմից։
«Միայն Գրենլանդիայի ժողովուրդը պետք է որոշի իր ապագան։ Գրենլանդիայի բնակիչների մեծամասնությունը կողմ է քվեարկել Թագավորության կազմում իր ինքնակառավարման կարգավիճակին։ Այս շաբաթ Գրենլանդիայի խորհրդարանի բոլոր հինգ կուսակցությունները վերահաստատել են, որ չեն ցանկանում դառնալ ԱՄՆ»,- ընդգծել է Սյորենսենը։
Դեսպանը հավելել է, որ Դանիան, Գրենլանդիան և Միացյալ Նահանգները վերջին 80 տարիների ընթացքում հաջող անվտանգության համագործակցություն են ունեցել Արկտիկայում՝ կոչ անելով շարունակել լուծել Արկտիկայում անվտանգության մարտահրավերները որպես գործընկերներ և դաշնակիցներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի հարցով հատուկ հատուկ բանագնաց նշանակված Ջեֆ Լենդրին, ով նաև զբաղեցնում է Լուիզիանայի նահանգապետի պաշտոնը, հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դանիան օկուպացրել է Գրենլանդիայի տարածքը։
«Պատմությունը կարևոր է։ ԱՄՆ-ն պաշտպանել է Գրենլանդիայի ինքնիշխանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Դանիան չէր կարող դա անել։ Պատերազմից հետո Դանիան կրկին օկուպացրեց այն՝ շրջանցելով և անտեսելով ՄԱԿ-ի արձանագրությունը»,- գրել է նա X-ի իր էջում։
Ամերկյան CBS News-ի տեղեկություններով՝ այս շաբաթ Թրամփի ներկայացուցիչները Գրենլանդիայի հարցով հանդիպելու են Դանիայի ներկայացուցիչների հետ։



