Միայն 2024-ին 120 օբյեկտի գործունեություն է դ...

Միայն 2024 թվականին 120 օբյեկտի գործունեություն է դադարեցվել, որոնցից շուրջ 27-ը, որոնք պետական և համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինություններ են, գործընկեր գերատեսչությունների հետ աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել են: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ներկայացնելով ՀՀ տարածքում արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող գազալցակայաններում, բենզալցակայաններում, ինչպես նաև հեղուկ վառելիքի պահեստարաններում իրականացված վերահսկողության արդյունքները:

«2023-2024 թվականներին արդեն իսկ շուրջ 230 օբյեկտի՝ բենզալցակայանի, գազալցակայանի, պահեստարանի, գործունեություն դադարեցվել է, որոնցից շուրջ 60-ն ապամոնտաժվել են:

Արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող մյուս տեխնիկական միջոցների կամ այլ պահեստարանների մասով իրականացված վերահսկողության արդյունքում միայն 2024 թվականին 800-ից ավելի արտադրական վտանգավոր օբյեկտի գործունեություն է կասեցվել»,- ասաց նա:

Նավթամթերքների խոշոր պահեստներում, գազալցակայաններում խախտման դեպքերը տարբեր են: Ըստ Գարեգին Խաչատրյանի՝ հիմնական խնդիրն այն է, որ օբյեկտները կահավորված են լինում վերգետնյա ռեզերվուարներով, որոնք արգելված է տեղակայել բնակավայրերի վարչական տարածքում:

Մյուս խնդիրը միջտարածությունների խախտումն է այն դեպքերում, երբ բենզալցակայանները կամ գազալցակայանները տեղակայված են բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներին անմիջապես կից, դպրոցներին, մանկապարտեզներին և այլ համանման շինություններին մոտ: Կա նաև շանթարգելման համակարգերի և հրշեջ հիդրանտների բացակայության խնդիր:

«Ինչ վերաբերում է խոշոր առևտրի օբյեկտներում հայտնաբերվող խնդիրներին, ապա այստեղ հիմնականում էլեկտրատնտեսության ոչ պատշաճ մոնտաժման խնդիրն է, որը հրդեհի սպառնալիք է, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգի բացակայությունը, ծխահեռացման համակարգի բացակայությունը, տարհանման ելքերի ոչ պատշաճ կահավորման խնդիրը, հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգի բացակայությունը»,- ասաց նա: