Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը ներկայացրել է իր տեսլականը կրթության ոլորտի, Հայաստանին անհրաժեշտ մասնագետների պատրաստման վերաբերյալ։
Արման Թաթոյանն իր ծրագրային հոդվածում առաջարկում է վեց ուղղություն, որոնցից առաջինը վերաբերում է պետական պատվերին, որը պետք է հրապարակվի ամեն տարի՝ ըստ անհրաժեշտ մասնագետների։
Նշվում է, որ կրթությունը պետական պատվերով անվճար կլինի և երաշխավորված պետության կողմից՝ բոլոր հավատարմագրված ծրագրերում, պայմանով, որ ավարտելուց հետո այդ մասնագետները մի քանի տարի պետք է աշխատեն Հայաստանում, հիմնականում՝ Երևանից դուրս։
Բացի այդ՝ «Միասնության թևեր»-ն անհրաժեշտություն է տեսնում կարողությունների վերափոխման, որի համաձայն՝ պետք է ստեղծվի մասնագիտական վերապատրաստման ուսումնական կենտրոնների ցանց՝ եվրոպական և ասիական համալսարանների հետ համագործակցությամբ։ Ուսուցիչը երեք տարին մեկ պետք է անցնի վերապատրաստում, բժիշկը՝ երկու տարին մեկ անգամ, իսկ պետական ծառայողը՝ մշտապես, ու այս ամենը պետք է լինի անվճար։
Ծրագրային հոդվածի մեկ այլ դրույթով էլ գյուղերից և փոքր քաղաքներից եկած սովորողների համար նախատեսվում են ընտանեկան տիպի հանրակացարաններ մայրաքաղաքում, հեռավար կրթական ծրագրեր մարզային աջակցման կենտրոններով, ինչպես նաև ուսուցչի, բժշկի, գյուղատնտեսի կամ անասնաբույժի երաշխավորված աշխատանք իրենց մարզում՝ ավարտելուց հետո, բարձրացված վճարով և ծառայողական բնակարանով։
Թաթոյանն առաջարկում է երեխայի մեկ տարեկանից սկսած անվճար նախադպրոցական կրթության երաշխիք։ Միաժամանակ՝ նախատեսվում են մայրության նպաստներ՝ կապված իրական աշխատավարձի հետ, ինչպես նաև մայրության արձակուրդում գտնվելու ընթացքում ուսումը շարունակելու կամ վերապատրաստում անցնելու իրավունք՝ անվճար, հեռավար, մանկապարտեզի պետական դրամաշնորհով։ Մայրության արձակուրդի ավարտից հետո աշխատանքի վերադարձի երաշխավորված տեղ։
Հեղինակի դիտարկմամբ՝ երիտասարդ մայրը Երևանում յուրաքանչյուր երեխայի համար կորցնում է աշխատանքային գործունեության երկու տարի, իսկ Տավուշում երիտասարդ մայրը երբեմն կորցնում է ընդհանրապես մասնագիտություն ստանալու հնարավորությունը։ Ուստի՝ երեխայի ծնունդը չպետք է կնոջից խլի մասնագիտությունը՝ թե´մայրաքաղաքում, թե´ Տավուշում։
Ծրագրային մյուս ուղղությամբ նախատեսվում է սփյուռքի միջոցով ինտեգրում համաշխարհային ցանցերին։
Ըստ այդմ՝ հայ ուսանողը մեկ կիսամյակ սովորելու է Բոլոնիայում, մեկ տարի՝ Սեուլում, ապա պրակտիկա է անցնելու Բանգալորում կամ Սիլիկոնյան հովտում՝ հետո վերադառնալով այդ փորձով։ Պետությունը շրջանակային համաձայնագրեր կկնքի ԵՄ-ի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Ռուսաստանի համալսարանների հետ՝ իրական ակադեմիական փոխանակումների համար։
Այն մասնագիտությունների համար, որոնք Հայաստանում չկան, արտասահմանյան մագիստրոսական ծրագրերը կհամաֆինանսավորվեն պետության կողմից՝ վերադարձի և Հայաստանում աշխատանքի պայմանով։ Այստեղ սփյուռքը պետք է հանդես գա որպես գործընկեր։ Մասնավորապես՝ MIT-ում, ԵՊՀ-ում, Սորբոնում, Սեուլի և Բանգալորի ինստիտուտներում աշխատող հայ պրոֆեսորները դիտարկվում են որպես արդեն գոյություն ունեցող ցանց։ Պետությունը նրանց կառաջարկի հստակ դերեր՝ հայկական համալսարանների հետ համատեղ ամբիոններ, լաբորատորիաներ կոնկրետ խնդիրների համար (ԱԷԿ, ագրոբիոտեխնոլոգիա, ՏՏ անվտանգություն), կրթաթոշակներ հայ ուսանողների համար՝ վերադարձի պարտավորությամբ։ Փոխարենը՝ կսահմանվեն թափանցիկ և հավասար կանոններ սփյուռքյան նախագծերի համար Հայաստանում։
Միջին մասնագիտական կրթության ոլորտում էլ «Միասնության թևեր» -ը նախատեսում է, որ դպրոցն ավարտող աշակերտը միաժամանակ կստանա միջին մասնագիտական կրթություն, եթե ավարտում է 9+2 տարին (12-րդ տարին կլինի կամավոր՝ բուհ ընդունվել ցանկացողների համար): Աշակերտը կստանա կրկնակի կրթություն․շաբաթվա կեսը՝ քոլեջում, կեսը՝ արտադրությունում, իսկ ավարտական աշխատանքը կլինի իրական արտադրական խնդիր։ Այնուհետև՝ միջին մասնագիտական օղակի սովորողները կունենան երաշխավորված կրթաթոշակ, հանրակացարան, ուսումնական պայմանագրում նախապես ամրագրված աշխատատեղ։
Գիտության ու հետազոտությունների ուղղությամբ, Թաթոյանի տեսլականով, պետությունը կվերադարձնի նպատակային ֆինանսավորում կոնկրետ խնդիրների համար՝ նյութագիտություն և ռեակտորային ֆիզիկա նոր ԱԷԿ-ի համար, կիրառական մաթեմատիկա և կրիպտոգրաֆիա Հրազդանի տվյալների կենտրոնի համար, կենսատեխնոլոգիաներ և սելեկցիա ագրոարդյունաբերական կլաստերի համար։ Երիտասարդ գիտնականներին կտրվեն դրամաշնորհներ՝ պաշտպանությունից հետո մի քանի տարի Հայաստանում աշխատելու պարտավորությամբ։ Համալսարանների և ձեռնարկությունների համատեղ լաբորատորիաները կստանան իրական ֆինանսավորում և իրական հաշվետվողականություն։
Նշվում է, որ արտերկրում աշխատող հայ գիտնականների վերադարձը կկազմակերպվի կոնկրետ պաշտոններով և եվրոպական պայմաններին համարժեք հնարավորություններով։
Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարն ընտրական ցուցակում 6-րդ է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու:



