Միացյալ Նահանգները լրացուցիչ ռազմական ուժեր է ուղարկում Իրան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Wall Street Journal»-ը նախկինում հաղորդել էր, որ Պենտագոնը հրամայել է երկրորդ ավիակիր խմբին պատրաստվել Մերձավոր Արևելք տեղակայմանը։ «Նախագահ (Դոնալդ Թրամփը) և նախարար Հեգսեթը լրացուցիչ ռազմական ուժեր և միջոցներ են ուղարկում Իրան», – ասել է ֆինանսների նախարարը Fox News-ին տված հարցազրույցում։
Բեսենթի խոսքով՝ ԱՄՆ նախագահը կարծում է, որ իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո ԱՄՆ-ն կարող է բանակցել Թեհրանի հետ շատ ավելի բարենպաստ գործարքի շուրջ, որը մնում է Իրանի իշխանությունների որոշմանը։ ԱՄՆ ֆինանսների նախարարը նաև պնդել է, որ Իրանը, իբր, հասկանում է միայն «կոպիտ ուժ, թե՛ ֆինանսական շուկաներում, թե՛ ռազմական հարցերում»։
Հունվարի 26-ին Վաշինգտոնը հայտարարել է, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան։ Ամերիկյան կողմը հույս է հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կհասնի «արդար և հավասար» գործարքի, որը կներառի միջուկային զենքից լիակատար հրաժարում։ ԱՄՆ-ն զգուշացրել է, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի վատ», նկատի ունենալով 2025 թվականի ամռանը Իսլամական Հանրապետությանը հարվածներ հասցնելը, և կոչ է արել «կանխելու դա»։
Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը։



