Մի շարք ծառայությունների տեսակներ կշարունակեն...

Մի շարք մասնագիտական գործունեության տեսակներ կշարունակեն գործել հարկման հատուկ՝ միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում, հարկման ընդհանուր համակարգ՝ ավելացված արժեքով հարկման համակարգ կտեղափոխվեն ի սկզբանե նախատեսված ծառայության տեսակներից մի քանիսը: 

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով նախատեսվում էր գործունեության մի շարք տեսակներ միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկման ռեժիմից տեղափոխել ավելացված արժեքի հարկի դաշտ: Սակայն կառավարությունը խոստացել էր առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություններ իրականացնել:

«Առաջարկվում է 2025թ հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության հարկման համակարգից և շրջանառության հարկով հարկման համակարգից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխել միայն հետևյալ գործունեության տեսակները՝ իրավաբանական գործունեությունը, հաշվապահական գործունեությունը, գլխամասային գրասենյակների գործունեությունը, կառավարման հարցերով խորհրդատվությունը, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը, աշխատուժով ապահովման այլ գործունեությունը»,-ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

Նա նաև նշեց՝ հաշվի առնելով, որ 2025 թվականի հունվարի 1-ից փաստաբանական գործունեության հարկումը բացառապես հարկման ընդհանուր համակարգում իրականացնելու սահմանափակումը որոշակի մտահոգություններ է առաջացրել փաստաբանական գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ՝ կապված օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների ԱԱՀ-ով հարկման հետ՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման դեպքում Հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատուկ կարգավորումը կիրառելի է որոշակի բացառություններով:

«Հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները չեն կիրառվում օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների հարկման բազայի  նկատմամբ, եթե այդ ծառայությունների՝ նույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չի գերազանցում ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը»,-ասաց նախարարը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ընդգծեց. «Ի սկզբանե նախատեսվում էր, որ գրեթե բոլոր մասնագիտական ծառայությունները պետք է տեղափոխվեն ԱԱՀ-ի դաշտ:  Սակայն այս փուլում որոշել ենք, որ մասնագիտական ծառայություններին ձեռք չենք տալիս, ինչպես աշխատում էին, այնպես էլ շարունակելու են աշխատել՝ բացառությամբ մի քանի տեսակների»:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով նախատեսվում էր ԱԱՀ-ով հարկման դաշտ տեղափոխել իրավաբանական գործունեությունը, հաշվապահական գործունեությունը, կառավարման, խորհրդատվական գործունեությունը, շինարարությունը, անշարժ գույքի հետ կապված գործառնությունները, ճարտարապետություն, ճարտարագիտություն, գովազդային գործունեություն, շուկայի հետազոտություն և այլն: