Մի շարք թեմաների շուրջ Հայաստանի և Թուրքիայի...

Այցը բավականին դրական մթնոլորտում է անցել: Քննարկվել են թե Հայաստան- Թուրքիա երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային՝ Հարավային Կովկասի և ավելի լայն՝ Մերձավոր Արևելքին վերաբերվող հարցեր: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի Թուրքիա կատարած այցին:

«Արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են: Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է: Ամեն դեպքում այս ուղղությամբ քայլեր պետք է անենք»,- ասաց Կոստանյանը:

Փոխնախարարը հերքեց, թե Էրդողանն օրակարգային հարց է դարձրել ադրբեջանցիների՝ Հայաստան գալու և ապրելու հարցը: Նա նշեց, որ այդ շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Նա տեղեկացրեց, որ քննարկվել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթի և տրանսպորտային կոմունիկացիաներին վերաբերող հարցեր:

Հարցին՝ ի՞նչ դիրոքորոշում հայտնեց Թուրքիայի նախագահը խաղաղության խաչմերուկի վերաբերյալ, արդյոք թուրքական կողմի համար ընդունելի են 4 հայտնի սկզբունքներով ապաշրջափակման Հայաստանի մոտեցումները, Կոստանյանն ասաց. «Կարծում եմ՝ երկու կողմերի՝ թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը բավականին մեծ կարևորություն ունի: «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, բնականաբար, ներակայացվեց: Ըստ էության, կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով կոմունակիցաների բացման վերաբերյալ:  Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի մեր գործընկերների կողմից»: