Մի շարք երկրներ ու միջազգային կառույցներ դատա...

Մի շարք երկրներ, ինչպես նաև Եվրամիությունը և ՄԱԿ-ը դատապարտել են Իսրայելի կողմից սիրիական տարածքների վրա իրականացված հարձակումները։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Եվրոպական միության խոսնակ Անուար ալ-Անունին կոչ է արել Իսրայելին անհապաղ դադարեցնել Սիրիայի վրա հարձակումները և հարգել նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ 

Հայտարարության մեջ ԵՄ-ն իր խորը մտահոգությունն է հայտնել Սիրիայի հարավում գտնվող աս-Սուեյդայի նահանգում տեղի ունեցած բախումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են բազմաթիվ քաղաքացիական զոհերի։

Նույն համատեքստում, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Գեյր Պեդերսենը դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայի տարածքին ավիահարվածները։

Պեդերսենը կոչ է արել իսրայելական կողմին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է սրել հակամարտությունը։

Իրենց հերթին Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի արտաքին գործերի նախարարները հուլիսի 16-ին դատապարտել են Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի վրա կատարված հարձակումները՝ ընդգծելով, որ այդ հարձակումների շարունակությունը խաթարում է Սիրիայում և տարածաշրջանում կայունություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը նույնպես դատապարտել է Դամասկոսի և աս-Սուեյդայի նահանգի կառավարական հաստատություններին ուղղված ավիահարվածները՝ կոչ անելով հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ վերահաստատելով իր լիակատար աջակցությունը Սիրիայի Արաբական Հանրապետությանն իր անվտանգությունն ու կայունությունը պաշտպանելու համար ձեռնարկվող բոլոր քայլերում։

Օմանի Սուլթանությունը խստորեն դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա՝ կոչ անելով միջազգային հանրությանը կրել իր պատասխանատվությունը՝ ապահովելու Իսրայելի լիակատար դուրսբերումը Սիրիայի օկուպացված տարածքներից։

Ֆրանսիան ևս վերահաստատել է իր աջակցությունը Սիրիայի կառավարության և աս-Սուեյդայի տարածաշրջանի համապատասխան շահագրգիռ կողմերի միջև երկխոսության վերսկսման ջանքերին՝ հույս հայտնելով կայուն համաձայնագրի հասնելու հարցում։