«Մի քանի նոր ճանապարհային նշան ենք առաջարկում...

ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ ապահովելով ճանապարհային երթևեկության կազմակերպման միասնական կանոնակարգումը։

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության նպատակն է անընդհատ թարմացնել նորմատիվ-իրավական ակտերը և կարգավորումներ մտցնել այս ուղղությամբ: Այս որոշման նախագիծը նաև վերաբերում է ԵԱՏՄ ավտոմոբիլային ճանապարհները անվտանգության տեխնիկական կանոնակարգերը համապատասխանեցնելուն, մի շարք կարգավորումների որոշակի թարմացումների կարիք կա: Աշխատել ենք ՆԳՆ և այլ գործընկերների հետ այս փաթեթները մշակելիս»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

Սանոսյանի խոսքով, այս փոփոխություների նպատակն է խաչմերուկներում խցանումներից խուսափելը, հետիոտների համար անվտանգ դարձնել անցուղիները եւ այլն:

«Մի քանի նոր ճանապարհային նշան ենք առաջարկում ունենալ: Դրանցից մեկը անկյունագծային հետիոտնային անցում նշանն է: Սա այն դեպքերի համար է, որ այն տեղերում, որտեղ ժամում 900 մարդուց ավելի շարժ կա, այդ դեպքում ճիշտ կլինի կարգավորել, որ 4 կողմից մեքենաները կանգնում են եւ հետիոտները ոչ միայն ուղիղ, այլեւ անկյունագծով կարող են անցնել:

Մյուս նշանը էլեկտրամոբիլների համար է մշակվել, որ նրանց համար տեղադրվի այդ նշանը, որ վարորդները կարողանան դա տեսնել: Մյուսը, հնարավորություն ենք տալիս, որ եթե որեւէ տեղ մի քանի տեսակի ծառայություն է մատուցվում, մեկ նշանի մեջ դա տեղավորենք»,-ասաց նախարարը՝ ներկայացնելով նաեւ մյուս փոփոխությունները: Մասնավորապես, նախատեսվում է, որ եթե խաչմերուկը փակ է եւ մեքենան անգամ կանաչ լույսի տակ մուտք է գործում խաչմերուկ, նա պետք է տուգանվի: