Մի մարդը մեկ ամիս Շրի Լանկայում լողազգեստով լ...

Իրանում իրավիճակի լարումից և ռազմական գործողությունների սկսումից հետո բոլոր վերաբերելի երկրներում էլ դեսպանությունները բերվել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ, այդ թվում թեժ գծերի միջոցով, և այդ պահից սկսած ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Իհարկե, բարդություններն ակնհայտ են, փակ թռիչքային զոնա է հայտարարվել գրեթե բոլոր վերաբերելի երկրներում, չեղարկվել են թռիչքները։ Մի սպեցիֆիկա կա, օրինակ ԱՄԷ–ն ցամաքային սահման ունի Օմանի հետ և օգտվելով դրանից մենք կազմակերպել և կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումը ԱՄԷ–ից դեպի Օման, որտեղ կազմակերպում ենք թռիքները Մասկատից Երևան։ Խոսքը 400 կմ ճանապարհի մասին է, պետք է այդ տեղափոխումը կազմակերպել, վճարել։ ՀՀ կառավարությունն է հոգում այդ տեղափոխությունը, նրանց անվտանգ անցումը ԱՄԷ–ից դեպի Օմանի Սուլթանություն, նրանց հասցնելը Օմանի օդանավակայան, ձևակերպումների կազմակերպումը, նաև թռիչքների թույլտվությունների ստացումը ԱԳՆ–ի կողմից է կազմակերպվել, որոշ դեպքերում ավիաընկերությունների հետ բանակցելով։

Արդեն երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել, վաղն էլ կա թռիչք, հաջորդ օրն էլ, դրա հաջորդ օրն էլ։ Մեծ հավանականությամբ թռիչքները կարող են վերագործարկվել նաև Դուբայից և Աբու Դաբիից»,–ասաց ԱԳ նախարարը՝ հավելելով, որ կապի մեջ են բոլոր ՀՀ քաղաքացիների հետ։

«Օմանում ունենք 2 քաղաքացի, որոնք ցանկություն չունեն վերադառնալու։ Իսրայելում ունենք 15 քաղաքացի, որոնցից 5–ի հետ մշտական  կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ։ Քուվեյթում ունենք 17 քաղաքացի, ուզում են վերադառնալ, առայժմ իրատեսական ուղիներ չկան։ Բայց բոլորն անվտանգ են։ Դոհայում ունենք քաղաքացիներ, որ վերադառնալու հնարավորություն դեռ չունենք, բայց բոլորն ապահովված են հյուրանոցներով, սնունդով։Դոհայում երկուսը դեղորայքի կարիք են ունեցել, դեսպանության միջոցներով դեղորայքը հասցվել է։ Լիբանանում պարի համույթ կար, որ արդեն վերադարձավ Երևան։ Դա եղել է ՀՀ դեսպանության ջանքերով և ուղեկցությամբ։

Հնդկաստանում ունենք 117 քաղաքացիներմ, որոնք այնտեղ են տուրիստական նպատակներով և «Սևան ստարտափի» շրջանակներում, ուղիներ ենք փնտրում վերադարձնելու։ Շրի Լանկայում ունենք քաղաքացիներ նաև»,– ընդգծեց Արարատ Միրզոյանը։

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ ՀՀ քաղաքացիները մինչև 1400-1500 դոլար են վճարում ավիատոմսի համար, որ Օմանից հասնեն Երևան, ԱԳ նախարարն ասաց. «Ես ասացի, որ կառավարությունը հոգում է ԱՄԷ–ից Մասկատ տեղափոխման ծախսը։ Կառավարությունը վճարում է և մարդկանց ավտոբուսով հասցնում է, օրինակ, Դուբայից Մասկատի օդանավկայան, որտեղ կառավարությունն ստացել է նաև թռիչքի թույլտվություն։ Մնացածը մասնավոր ավիաընկերության հարց է։ Ասում եք՝ գները աճել են։ Մենք բանակցել ենք ավիաընկերության հետ։ Եկեք արձանագրենք, որ սովորական թռիչքուղով չի թռչում ինքնաթիռը, փակ է օդային տարածքը, օդանավը Մասկատ–Երևան թվերթի համար ավելի երկար ճանապարհ է կտրում։ Դա նշանակում է կրկնակի, եռակի ճանապարհ օդում, ըստ այդմ, ծախսերը փոխվում են։ Ինձ ասացին, որ մեկ թռիչքի ծախսը 170 հազար դոլար է, եթե դա պայմանական բաժանես ասենք, 200 քաղաքացու վրա, կարող ես ֆիքսել, որ ինքնարժեքը արդեն մեծ է։ Ես իսկապես չգիտեմ գները։ Ես որպես կռավարության անդամ հոգ եմ տարել, որ մեր քաղաքացիները տուն վերադառնալու հնարավորություն ունենան, ճանապրհի մի մասն էլ տեղափոխել եմ։ Եկեք նաև րձանագրենք, որ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այնտեղ զբոսաշրջային նպատակներով։ Օրինակ, մի դեպք գիտեմ, մի մարդ, որ մեկ ամիս է, ինչքան հնարավոր է լողազգեստով լուսանկար է գցել, նշանակում է վճարունակ է, տոմյս կարող է գնել։ Մի քիչ արդար չի կառավարության հանդեպ այդ պահանջը, տոմսը ևս առնել»։