Այսօր առավոտյան տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտգործնախարարների հեռախոսազրույցը. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր ցավակցությունն է հայտնել Իրանի հոգևոր առաջնորդի, ինչպես նաև իրանցի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։
Նաև պարոն Միրզոյանը նշել է, որ ցանկացած մարդասիրական անհրաժեշտ օգնության պարագայում Հայաստանը պատրաստակամ է դա ցուցաբերել Իրանին։
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս իր ցավակցական ուղերձն է հղել Իրանի նախագահ Մեսութ Փեզեշքիանին։ Այս մասին՝ այսօր՝ մարտի 2–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Նաև զորակցության խոսքեր են հնչել նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների, ակտիվիստների, նաև տարբեր շրջանակներ ներկայացնող անձանցից, թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում։ Դա մեզ համար առհասարակ զարմանալի չէ, քանի որ հայ ժողովուրդը և Իրանի ժողովուրդը երկու բարեկամ ժողովուրդներ են, որոնք որ ծանր օրերին միշտ իրար կողքի պետք է լինեն։
Սակայն ես չեմ կարող չարտահայտել իմ ափսոսանքը մի խումբ վերլուծաբանների կողմից ոչ տրամաբանական և ոչ այնքան հիմնավոր խոսքերի վերաբերյալ, որոնք շարունակում են արևմտյան տեսլականը Հայաստանում։ Ես չեմ կարող հասկանալ նմանօրինակ պահվածքի և վարվելակերպի մոտիվները, թե ինչով են նրանք մոտիվացված, սակայն կարող եմ նրանց խորհուրդ տալ որ դուրս գան և փոխեն այս սխալ ուղղությունը։
Մենք և դուք բարեկամներ ենք, ուստի մեզ համար ուղղակի ափսոսանք է առաջացնում այն, որ մի խումբ վերլուծաբաններ պարզապես կրկնում են սիոնիստական տեսակետները։ Սակայն, կարող ենք ասել, որ նրանք փոքրամասնություն են կազմում»,– հայտարարեց Իրանի դեսպանը։



