ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Պ.-ն զորակոչից խաբեության եղանակով խուսափելու փորձ կատարելու նպատակով՝ 2024 թվականի ապրիլի 29-ին Կոտայքի մարզի զինկոմիսարիատ է ներկայացրել «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրված՝ իր՝ իբր պարբերական հիվանդությամբ տառապելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ, ինչը հերքվել է ինչպես բժշկական կլինիկայում և ախտորոշիչ լաբորատորիայում կատարված հետազոտություններով, այնպես էլ վարույթի շրջանակում նշանակված դատագենետիկական փորձաքննությունների եզրակացություններով:
Արդյունքում, Մ.Պ.-ն ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվել ՀՀ զինված ուժեր:
Բացի այդ, զորակոչիկի մայրը, բժշկական կենտրոնի բժիշկը և քաղաքացի Հ.Մ.-ն խոչընդոտներ վերացնելով և տեղեկություններ տրամադրելով օժանդակել են Մ.Պ.-ին՝ զորակոչից խաբեության ճանապարհով խուսափելու փորձ կատարելուն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում վերջիններիս դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն ավարտին չի հասցվել:
Ա.Ի.-ի, Ա.Ն.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու փորձին օժանդակելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



