
Որեւէ հարցի չեմ պատասխանում, հարուցված է քրեական գործ, մի հրեք: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, Երեւանի քաղաքապետարանի շենքի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին հարցերին:
Լրագրողները հարցնում էին՝ զղջո՞ւմ է իր արարքի համար, ինչո՞ւ հրաժարական չի տալիս, ինչով է ինքը լավը ԱԺ ՔՊ-ական նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանից ու Փարաքարի նախկին համայնքապետից, որոնք միջադեպի պատճառով հրաժարական տվեցին:
«Ձեզ լավ աշխատանքային օր եմ մաղթում»,- միայն ասաց Տիգրան Տեր-Մարգարյանը, ապա նստեց մեքենան ու հեռացավ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:
Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:
Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն և անվայելուչ արտահայտություններով ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:
Միջադեպի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկը խուլիգանության հոդվածքով՝ Չախոյանի եւ Մանուկյանի նկատմամբ, մյուսը՝ «ֆիզիկական ներգործության» հոդվածով՝ տեղի ունեցած ծեծի մասով, այդ թվում մեղադրանք է առաջադրվել նաև թաղապետի նկատմամբ: