ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Փաստաթուղթը 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրել են երկու երկրների փոխվարչապետները: 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում, 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ ու ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով:
«Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու երկրներն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կողմերը հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»,- ասել է զեկուցողը:
Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ այնուհետեւ ՀՀ վարչապետի` 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, իսկ 2022 թվականի մայիսի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը:
Փոխվարչապետի տեղեկացմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, եւ այն անցնելու է ներպետական ընթացակարգեր: