ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic պարբերականին տված հեռախոսային հարցազրույցում «ոչ այնքան քողարկված» սպառնալիք է հնչեցրել Վենեսուելայի նոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսի հասցեին՝ հայտարարելով, որ «եթե նա ճիշտ չվարվի, շատ բարձր գին կվճարի՝ թերևս ավելի բարձր, քան Մադուրոն»։ Նա նկատի է ունեցել Նիկոլաս Մադուրոյին, որն այժմ գտնվում է Նյու Յորքի բանտախցում։
ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ Վենեսուելան, հնարավոր է, վերջին երկիրը չէ, որը կենթարկվի ամերիկյան միջամտության։
«Մեզ միանգամայն անհրաժեշտ է Գրենլանդիան»,- ասել է նա՝ նկարագրելով կղզին (որը ՆԱՏՕ-ի դաշնակից Դանիայի մասն է) որպես «ռուսական և չինական նավերով շրջապատված» տարածք։
Թրամփի պաշտոնը ստանձնելու պահից Դանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները լարվել են։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը ցանկություն է հայտնել տիրանալ Արկտիկայում գտնվող ռեսուրսներով հարուստ դանիական տարածքին՝ Գրենլանդիային՝ վկայակոչելով «անվտանգության նկատառումները»։
Թե՛ Դանիան, թե՛ Գրենլանդիան պնդում են, որ կղզին չի վաճառվում, և այն ինքը կորոշի իր ապագան։
Հիշեցնենք, որ հենց երեկ՝ հունվարի 3-ին, ամերիկյան ուժերը ռմբակոծել են Վենեսուելայի մայրաքաղաքը և առևանգել երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը։ Այժմ նրանք Նյու Յորքում են, որտեղ շուտով կկանգնեն դատարանի առաջ՝ «թմրաահաբեկչական դավադրության» մեղադրանքով։
ԱՄՆ-ն նաև հայտարարել է, որ կկառավարի Վենեսուելան մինչև իշխանության փոխանցումը։



