Մեղրիի քաղաքապետի ընտանիքին պատկանող պահեստի մաքսային արտոնությունները կչեղարկվեն: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Նա հիշեցրեց, որ 2017-ին Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը դիմել էր Կարեն Կարապետյանին, ով այդ ժամանակ հանրապետության վարչապետն էր` արտոնություններ հայցելով մաքսային այն պահեստների համար, որոնք պետք է բացվեին Մեղրիի անցակետից 1 կմ շառավղով:
Նամակում նա նշել էր, որ դրա շնորհիվ նոր պահեստներ եւ աշխատատեղեր կբացվեն, իսկ այս վայրում կանգ առնող մեքենաները կազատվեն ճանապարհային հարկի վճարումից, որը Իրանի սահմանից Երեւան կազմում է 150-200 հազար դրամ:
«Հարցն այն է, որ 2004 թվականից այս շառավղով գործում է մաքսային պահեստ, որի տերը քաղաքապետի կինն է: Ավելին, տեխնիկապես անհնար է այնտեղ այլ պահեստ կառուցել` տարածքի անբավարարության պատճառով, ուստի միայն Զաքարյանի ընտանեկան բիզնեսն է օգտվում այդ արտոնությունից»,- պարզաբանեց խորհրդարանականը:
Գաբրիելյանի խոսքով՝ դրանից հետո Զաքարյանը դիզվառելիքի ներկրման ընկերություն է բացել, եւ նա գրեթե բացառապես իր մեքենաներն է բերում է մաքսային պահեստ: Արդյունքում, Իրանից նավթամթերք այլ ներկրողների հետ համեմատած, Զաքարյանը ստանում է չհիմնավորված արտոնություն` մեկ լիտր դիզվառելիքի համար 15-20 դրամի չափով:
Պատգամավորը շտապեց նկատել, որ այս օրինագիծը Մեղրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած միջադեպի հետ կապելու փորձերը բոլորովին անտեղի են:
Օրենքի առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները 79 ձայնով միաձայն պաշտպանեցին այս օրենսդրական նախաձեռնությունը



