Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի նկատմամբ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցերի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճիռները մտել են օրինական ուժի մեջ:
Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել է Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Վճռով անվավեր էին ճանաչվել Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում գտնվող՝ 0.9 հա, 0.2 հա, 0.4 հա և 0.6 հա մակերեսով հողամասերի վերաբերյալ 2016 թվականի մայիսի 16-ի և 2016 թվականի հունիսի 20-ի աճուրդները:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի վճռով բավարարվել էր Դատախազության մեկ այլ հայցը: Վճռով անվավեր էր ճանաչվել 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր էին ճանաչվել Սյունիքի մարզի Ալվանք համայնքում գտնվող՝ 0.2 և 0.5 հա մակերեսով հողամասերի վերաբերյալ Ալվանք համայնքի ղեկավարի՝ 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 17-Ա և 18-Ա որոշումները, Ալվանք համայնքի և ֆիզիկական անձի միջև 2014 թվականի հուլիսի 15-ին կնքված առուվաճառքի պայմանագրերը, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ֆիզիկական երկու անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:
2026 թվականի փետրվարի 11-ին, 16-ին և 17-ին Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող 6 հողամասերի նկատմամբ Կադաստրի կոմիտեում կատարվել է Մեղրի համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում:



