Այն, որ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի, դա ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 11–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող մեղադրանքին, որ մոդուլային ատոմակայանի մասին խոսելով հիմք են նախապատրաստում, որ Մեծամորի ատոմակայանը փակվի։
«Հիմա մենք ասում ենք, որ նոր ատոմային կայան ունենալու հարցը քննարկում ենք մի քանի գործընկերների հետ՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Կորեա, Հարավային Կորեա և Չինաստան։ Եվ Միացյալ Նահանգներն էլ ակնհայտորեն արդեն մեկ, երկու, երեք համաձայնագիրը ստորագրեցին։ ԵՄ-ի ներդրումներից այս պահի դրությամբ մենք 900 միլիոն եվրոյի ունենք ծրագրեր և առաջիկայում այդ ծրագրերը կավելանան։
Ի դեպ, հյուսիս-հարավի Սիսիան–Քաջարան հատվածի կառուցման գործում էլ այս փաթեթի շրջանակում ներդրումներ տեղի կունենան», –ասաց նա։
Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, որ Հայաստանում ավելի լավ ԱԹՍ–ներ կան, և չարժեր, որ ԱՄՆ-ից նման անօդաչու սարքեր գնեինք, Փաշինյանն ասաց. «Չեմ թաքցնի, Հայաստանում կան լավ արտադրատեսակներ և մենք նաև այդ լավ արտադրատեսակներն ենք ձեռք բերում և Միացյալ Նահանգներից ձեռք ենք բերում էլի լավ արտադրատեսակներ և մեր լավ արտադրատեսակները պատրաստ ենք նաև վաճառել Միացյալ Նահանգներին։ Այնպես որ դա շատ նորմալ համագործակցություն է և մենք կփորձենք այդ ոգով շարունակել»։



