Թրամփի ուղու շրջանակներում մեծ կարևորություն ունի նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսության իր տրամաբանական հանգրվանին հասնելը, այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու բացումը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հայտարարության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համատեղ արձանագրել ենք նաև երկկողմ հարաբերություններում ունեցած նշանակալի ձեռքբերումները, այդ թվում արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում, գոհունակությամբ եմ նշում, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կիսահաղորդիչների և արհեստական բանականությունների ոլորտում կնքած հուշագրի շնորհիվ կյանքի կկոչվի Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու մեգանախագիծը։ Այս կապակցությամբ պետք է նշել, որ հաստատվել է դեպի Հայաստան NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։
Հուսով եմ, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված սերտ և թափանցիկ համագործակցությունը թույլ կտա էլ ավելի զարգացնել և ամրապնդել Հայաստանի և Միացյալ Նահանգների ընկերությունների միջև երկուստեք շահավետ փոխգործակցությունը.,–ասաց նա։



