Լոնդոնի Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ազգային հիվանդանոցում (NHNN) առաջին անգամ աշխարհում անցկացվել է ուղեղի ուռուցքի հեռացման վիրահատություն՝ արհեստական բանականության մասնակցությամբ, հայտնում է Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցի (UCLH) մամուլի ծառայությունը։
Ինչպես նշում է մամուլի ծառայությունը, արհեստական բանականությունը վերլուծել է տեսահեռարձակումը իրական ժամանակում՝ օգնելով վիրաբույժին խուսափել կենսականորեն կարևոր կառույցներից և պահպանել հիվանդի տեսողությունը:
«Արհեստական բանականության առաջին կիրառումը նեյրովիրաբույժին իրական ժամանակում աջակցելու համար չափազանց բարդ վիրահատության ժամանակ փրկել է գլխուղեղի ուռուցք հեռացնող հիվանդի տեսողությունը», - ասվում է հիվանդանոցի կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Հիվանդը 48-ամյա Ռիս Հիբերթն էր, որն ուներ մոտ 11 միլիմետր չափսով հիպոֆիզի ուռուցք, որը վտանգ էր ներկայացնում տեսողությանը և կարող էր հանգեցնել կուրության։ Հիվանդանոցի տվյալներով՝ վիրահատությունից հետո հիվանդի տեսողությունը զգալիորեն բարելավվել է, և արդեն մի քանի օր անց նա կարող էր քայլել առանց ձեռնափայտի և ակնոցի։
Վիրահատության ժամանակ ԱԲ-ն իրական ժամանակում լուսավորել է ուղեղի հիմքում գտնվող կրիտիկական կառույցները՝ հիպոֆիզը, անոթները և տեսողական նյարդերը՝ օգնելով վիրաբույժների խմբին ճշգրիտ որոշումներ կայացնել:
Նախագծի տեխնիկական ղեկավար Սոֆիա Բանոն նշել է, որ համակարգը վերապատրաստվել է հարյուրավոր վիրաբուժական տեսանյութերի վրա, ինչը թույլ է տվել նրան ճանաչել անատոմիան, գործիքները և հյուսվածքների փոխազդեցությունը։ Բժիշկները պլանավորում են համակարգն օգտագործել նաև այլ բարդ նեյրովիրաբուժական վիրահատություններում։



