Մեծ Բրիտանիայի օդային երթևեկության կառավարման համակարգերում առաջացած «տեխնիկական խնդրից» հետո հազարավոր ուղևորներ դեռ շարունակում են բախվել թռիչքների հետաձգումների և չեղարկումների հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Բրիտանիայում սահմանափակվել է վայրէջք կատարող ինքնաթիռների թիվը։ Ավիաընկերությունները և օդանավակայանները նախազգուշացրել են, որ դեռ «զգալի ուշացումներ կան»՝ չնայած խնդիրը լուծվել է մի քանի ժամվա ընթացքում։
Նախազգուշացումներ են եղել, որ չվերթերի գրաֆիկի խաթարումները կարող են օրեր տևել։
Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը հայտնել է, որ օգոստոսի 29-ին ճանապարհորդող ուղևորներն օդանավակայան մեկնելուց առաջ պետք է ավիափոխադրողի հետ ստուգեն իրենց թռիչքի կարգավիճակը։
Բրիտանիայի օդային երթևեկության կառավարման համակարգերում առաջացած խնդրի մասին հայտնի էր դարձել օգոստոսի 28-ին՝ կեսօրից հետո, այնուհետև հայտարարվել էր, որ խնդիրը լուծվել է, և որոշ ժամանակ է հարկավոր բնականոն աշխատանքի վերադառնալու համար։
Ըստ մասնագետի՝ նման տեխնիկական խնդիրները բավական հազվադեպ են լինում։ Վերջին անգամ նման խնդիր է արձանագրվել 2014 թ․-ին։