Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լամմին զգուշացր...

Մեծ Բրիտանիան զգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ի հարվածներին ի պատասխան Հորմուզի նեղուցի փակումն «աղետալի սխալ» կլինի։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, որի խոսքերը մեջբերել է Politico-ն։

Լամմին ասել է, որ իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիին կոչ է արել կանխելու հակամարտության հետագա սրումը, ինչպես նաև նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին «հասկանում է», որ նեղուցի փակումը սխալ կլինի։

«Ես հստակեցրել եմ Իրանի [արտաքին գործերի նախարարին]. հսկայական, աղետալի սխալ կլինի հիմա կրակ բացել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա... Սխալ կլինի Հորմուզի նեղուցի փակումը։ Կարծում եմ՝ [Խամենեին] հասկանում և ընդունում է դա», - ասել է նախարարը։

Հունիսի 22-ին իրանցի պատգամավոր Իսմայիլ Կովսարին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իսլամական Հանրապետության խորհրդարանն անհրաժեշտ է համարում Հորմուզի նեղուցի փակումը։ Սակայն այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը։ Աշխարհի նավթային փոխադրումների գրեթե մեկ հինգերորդն անցնում է նեղուցով։