Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է օրինագիծ, որը թույլ կտա իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար զորամասեր) ընդգրկել արգելված կազմակերպությունների ցանկում։ Այս մասին տեղեկացրել է The Times թերթը։
Նրա տեղեկացմամբ՝ օրինագիծը խորհրդարան կներկայացվի 2026թ. ընթացքում։ Նշվել է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն եւ արտաքին հետախուզության ՄԻ-6 ծառայությունը կողմնակից չեն, որ ԻՀՊԿ-ն ներառվի սեւ ցուցակում։ Նրանք զգուշանում են, որ նման քայլը «կխզի դիվանագիտական ուղիները» Լոնդոնի եւ Թեհրանի միջեւ եւ կհանգեցնի Իրանից բրիտանացի դիվանագետների արտաքսման։
Հունվարի 29-ին եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը X-ում գրել էր, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները «վճռական քայլ են կատարել՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելով»։



