Մեծ Բրիտանիայի կառավարությունը հունվարի 20-ին հավանություն է տվել Չինաստանի կողմից Լոնդոնում Եվրոպայի իր ամենամեծ դեսպանատան կառուցմանը։ Reuters-ը հաղորդում է, որ այս քայլով Բրիտանիան հույս ունի բարելավել հարաբերությունները Պեկինի հետ՝ չնայած բրիտանացի և ամերիկացի քաղաքական գործիչների նախազգուշացումներին, որ դեսպանատունը կարող է օգտագործվել որպես լրտեսության կենտրոն։
Լոնդոնի աշտարակի մոտ գտնվող երկու դար առաջ կառուցված Թագավորական դրամահատարանի տեղում նոր դեսպանատուն կառուցելու Չինաստանի ծրագրերը երեք տարի շարունակ կասեցվել են տեղի բնակիչների, օրենսդիրների և Մեծ Բրիտանիայում Հոնկոնգի ժողովրդավարամետ ակտիվիստների դիմադրության պատճառով։
Որոշման մասին հայտարարվել է վարչապետ Քիր Սթարմերի` առաջիկա օրերին Չինաստան այցից առաջ. սա կլինի Բրիտանիայի առաջնորդի առաջին այցը 2018 թվականից ի վեր: Որոշ բրիտանացի և չինացի պաշտոնյաներ նշել են, որ այցը կախված է դեսպանատան կառուցման հաստատումից։
«Այս որոշումը կայացնելիս հաշվի են առնվել բոլոր էական նկատառումները: Որոշումն այժմ վերջնական է, եթե այն հաջողությամբ չբողոքարկվի դատարանում», - ասվում է կառավարության հայտարարության մեջ:
Չինաստանի կառավարությունը 2018 թվականին գնել էր Թագավորական դրամահատարանի շենքը մոտ 343,54 միլիոն դոլարով, սակայն այնտեղ նոր դեսպանատուն կառուցելու թույլտվություն ստանալու նրա հայտերը 2022 թվականին մերժվել էին տեղական խորհրդի կողմից: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը 2025 թվականին խնդրել էր Սթարմերին միջամտել:
Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների որոշ քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Չինաստանին պետք է արգելվի կառուցել դեսպանատուն Լոնդոնի պատմական ֆինանսական թաղամասի մոտ գտնվող տարածքում, քանի որ դա կարող է հնարավորություն տալ Պեկինին գաղտնալսում իրականացնել ֆինանսական ընկերությունների կողմից օգտագործվող օպտիկամանրաթելային մալուխների միջոցով, որոնք անցնում են տվյալ տարածքի ստորգետնյա հատվածով։
Բրիտանական անվտանգության ոլորտի պաշտոնյաները նաև զգուշացրել են, որ Չինաստանին շատ ավելի մեծ դեսպանատուն կառուցելու թույլտվությունը կնշանակի Մեծ Բրիտանիայում ավելի շատ չինացի լրտեսներ, ինչպես նաև ավելի շատ դիվանագետներ՝ պնդում, որը մերժվել է Լոնդոնում Չինաստանի դեսպանատան կողմից։
Reuters-ը նշում է, որ վերջին տասնամյակում Մեծ Բրիտանիան, որ պնդում էր, թե ցանկանում է լինել Չինաստանի ամենամեծ աջակիցը Եվրոպայում, դարձել էր նրա ամենակոշտ քննադատներից մեկը, և այժմ փորձում է կրկին բարելավել հարաբերությունները։ Սթարմերը դեկտեմբերին ասել է, որ ավելի սերտ գործարար կապերը բխում են ազգային շահերից։
Որոշ տեղացիներ, որոնք դեմ են Չինաստանի կողմից տարածքում մեծ դեսպանատուն կառուցելուն, քննարկում են որոշման դեմ դատարան դիմելու հարցը։
Նոր դեսպանատունն, ըստ նախագծային դիմումի, կլինի աշխարհի ամենամեծ դիվանագիտական հիմնարկներից մեկը՝ մոտ 55 000 քառակուսի մետր տարածքով։ Դա գրեթե 10 անգամ ավելի մեծ է, քան Չինաստանի ներկայիս դեսպանատունը Լոնդոնի կենտրոնում և զգալիորեն ավելի մեծ, քան նրա դեսպանատունը Միացյալ Նահանգներում։



