Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են արտաքսել մեկ ռուսաստանցի դիվանագետի՝ չեղյալ համարելով նրա հավատարմագրումը։ Արտաքսման մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։
Հայտարարության մեջ պարզաբանվում է, որ այդ միջոցառումը պատասխան է ռուսական կողմի գործողություններին։ Հունվարի կեսին Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը (ԱԴԾ) պնդել է, որ Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցը համագործակցել է բրիտանական հատուկ ծառայությունների հետ։ Խոսքը Վարչական և տնտեսական դեպարտամենտի երկրորդ քարտուղար Գարեթ Սամուել Դեյվիսի մասին է, որին զրկել են հավատարմագրումից և հրահանգել երկու շաբաթվա ընթացքում լքել երկրի տարածքը։
Ի պատասխան՝ Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, հաղորդում է РБК-ն։ Այնտեղ նրան տեղեկացրել են, որ Մեծ Բրիտանիան միջադեպը համարում է անընդունելի ճնշում իր դիվանագիտական առաքելության աշխատակիցների վրա և տեղեկացրել, որ ձեռնարկվում են պատասխան միջոցներ։



