Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրին...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը նախապատրաստվելուն զուգահեռ՝ քննարկվում է նաև նոր վագոններ ձեռք բերելու և դեպոն արդիականացնելու ծրագիրը:

Երևանի քաղաքապետարանի մարտի 2-ի գործակարգավարական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանատուներից հետաքրքրվեց 48 նոր վագոնների ձեռքբերման և դեպոյի արդիականացման ծրագրերի ընթացքից։

Քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը զեկուցեց, որ Աջափնյակի կայարանի և մետրոյի  արդիականացման ծրագրերը, որոնցով նախատեսվում է նաև վագոնային պարկի ամբողջական թարմացումը, իրականացվում են զուգահեռ,

«Ներդրումային ծրագրերի տրամաբանության հավանության է արժանացել և դրական եզրակացությամբ այսօր շնորհանդեսներն ուղարկում ենք Կառավարություն, որպեսզի հանրային ներդրումային կոմիտեի նիստ պլանավորվի երկու ծրագրերի վերջնական քննարկման մասով»,-մանրամասնեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրի վերագնահատված բյուջեն հասնում է մոտ 60 միլիարդ դրամի, որը նաև ներառում է դեպոյի արդիականացումն ու այլ ենթակառուցվածքային ներդրումներ։