
Սուրմալուի մետրոյի կայարանի կառուցման համար տեխառաջադրանքն արդեն մշակված է և հաստատվել է մասնագիտական խմբի կողմից:
Երևանի ավագանու մարտի 18-ի նիստին այս մասին տեղեկացրեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը՝ անդրադառնալով ավագանու անդամ Արման Բաբաջանյանի հարցին՝ Փեթակ-Սուրմալուի հատվածում մետրոյի կայարանի կառուցման վերաբերյալ:
«Առաջիկայում մրցույթ կունենանք՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը սկսելու համար»,- մանրամասնեց Բաբայանը։
Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ընթացիկ տարում կավարտեն ուսումնասիրությունը և հայեցակարգ-նախագծի կազմման աշխատանքները: Զուգահեռաբար՝ ներդրումային ծրագիր է պատրաստվել, որը կներկայացվի կառավարության քննարկմանը՝ շինարարություն իրականացնելու ֆինանսավորումը հաստատելու համար։